Մոսկվայում կալանավորված 8 հայերից մեկը սպորտսմեն է, ունի անբուժելի հիվանդություն
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների բախումներից հետո բերման ենթարկված 12 քաղաքացիներն օգնության համար դիմել են ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:
«Նրանցից 11-ը ազատ է արձակվել փաստաբաններ Մանուկ Շամիրովի և Ռուբեն Կիրակոսյանի ջանքերով, որոնք այս օրերին հսկայական աշխատանք կատարեցին՝ անվճար պաշտպանելով նրանց շահերը: Կալանավորվածը սպորտսմեն Արթուր Կարապետյանն է, որն ունի անբուժելի հիվանդություն: Փաստաբան Մանուկ Շամիրովն ամեն ջանք գործադրում է նրան նույնպես ազատ արձակելու համար»,- ասաց նա:
Ներսեսյանի խոսքով՝ հիմա իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, հայ համայնքի անվտանգությանը սպառնալիքներ չկան:
«Ադրբեջանցիներից, ըստ մեր տեղեկությունների, շատ ավելին են ձերբակալվել՝ մոտ հինգ տասնյակ, թեև նրանցից շատերն ազատ են արձակվել, մի քանի հոգու մեղադրանք է առաջադրվել, հուսով ենք՝ արժանի պատիժը կկրեն»,- ասաց նա:
Ներսես Ներսեսյանը հավալեց. «Ըստ մեզ հասած լուրերի՝ երկու կողմից էլ կան արտաքսվածներ և մուտքի արգելումների դեպքեր»:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումներից հետո կալանավորվել է 8 հայ, Արթուր Կարապետյանը նրանցից մեկն է:










