Հետաքրքիր է ընթերցել ստեղծագործությունը, երբ դրա հեղինակի ժամանակակիցն ես ու կարող ես նաև իր հետ քննարկում անել․ աշակերտուհի
Հայոց պատմություն և գրականություն առարկաների նոր չափորոշիչների, հնարավոր փոփոխությունների, գրականության ցանկում ժամանակակից գրողների ընդգրկման և դպրոցում դրանց դասավանդման մեթոդների մասին Tert.am-ը զրուցել է աշակերտուհի Հասմիկ Բեգլարյանի հետ, ով այս տարի կփոխադրվի 12-րդ դասարան:
Նրա կարծիքով՝ աշակերտների մեծ մասն ունի մեծ ունակություններ, բայց երբեմն այդ ունակությունները «քնած» են, որովհետև աշակերտը հետաքրքրված է բացառապես այլ բաներով. նա իր հետաքրքրությունները բավարարում է համացանցում: «Ի՞նչն է ստիպում աշակերտին հետաքրքրությունները գտնել դպրոցից դուրս՝ համացանցում. հենց այս հարցի պատասխանը պետք է գտնել, նոր մտածել, որ, օրինակ, Նարեկացուն հասկանալը բարդ է, կամ հակառակը»,-ասաց նա։
Աշակերտուհու կարծիքով՝ դպրոցում գրականության և պատմության դասաժամերը հետաքրքիր են դառնում միայն այն դեպքում, երբ գրքայինից զատ աշակերտը հնարավորություն է ունենում տեսակետների բախում ունենալ, հասկանալ և վերլուծել իրերը։ «Կարծում եմ՝ այս դարում, երբ համացանցում ամեն ինչ հնարավոր է գտնել, պետք է նախևառաջ կարգավորել մարդկային հարաբերությունները, որոնք համացանցում չկան։ Երբ աշակերտը հասկանա, թե ինչ է ուզում դպրոցից ստանալ, և երբ ուսուցիչը կարողանա բավարարել գիտելիքների բացը, ոչ մի խնդիր էլ չի լինի»,-նշեց նա:
Հասմիկը դրական է գնահատում գրականության ցանկում ժամանակակիցների ընդգրկումը: Նա նշեց, թե երբ ուսումնասիրում են հեղինակներին, հասնում են մինչև 1900-ականներ, ու հարց է առաջանում՝ մի՞թե այդ ժամանակներից հետո որևէ գործ չի ստեղծվել: «Ժամանակակից գրողների ընդգրկումը գրականության դասագրքերում ողջունելի գաղափար է, ծանոթացել եմ որոշ գործերի հետ, բավականին մեծ ազդեցություն են թողնում ընթերցողի հոգեկան աշխարհի վրա: Հետաքրքիր է ընթերցել ստեղծագործությունը, երբ դրա հեղինակի ժամանակակիցն ես ու հարկ եղած դեպքում կարող ես նաև իր հետ քննարկում անել»,-ասաց նա:
Աշակերտուհու կարծիքով՝ պատմությունն ու գրականությունը ընկալելու համար սոսկ թվերը և իրադարձությունները սովորելը բավական չէ, պետք է ունենալ վերլուծելու կարողություն, որը չի սահմանափակվում պատմության թվերը անգիր անելով, իսկ հայրենասիրությունը սովորեցնելով չէ:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ինքն իր մեջ պետք է հայրենասեր լինի, դպրոցում անցնում ենք «Հայոց պատմություն» առարկան, աշակերտը տեսնում է՝ ինչը ինչպես է եղել, պատմական փաստերի շնորհիվ եզրակացություններ է անում, ու չարժի այս թեման «դրոշակ դարձրած» բարձրացնել ու ասել, որ ինչ-որ մեկը պետք է հայրենասիրություն սովորեցնի: Հայրենասիրություն սովորեցնելը անհնար բան է, չեմ կարծում, որ դա պետք է սովորեցնեն: Մարդը կա՛մ լինում է հայրենասեր, կա՛մ ոչ, հայրենաճանաչությունն է, որ կարող է օգնել այդ հարցում»,-ասաց Հասմիկը՝ նշելով նաև, թե դպրոցի միակ գործառույթը այս հարցում պետք է լինի գիտելիք տալը՝ ազգի պատմության մասին։
«Եթե պատմություն ենք կարդում, այդ ընթացքում հայրենասիրություն ասվածը կամ առաջանում է տվյալ մարդու մեջ, կամ չի առաջանում։ Պարտադիր չէ ամեն անգամ ասել, որ հայրենիքը պետք է սիրել, պարզապես պետք է օգնել ճանաչել հայրենիքը»,-նշեց նա:










