Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ է զոհվել, իրավապաշտպանները հաղորդել են 120 մարդու ձերբակալման մասին (տեսանյութ)

10:26 • 10.08.20

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է NEXTA live տելեգրամյան ալիքը:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ մահացածի անունը Եվգենի Զաիչկին է: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում երիտասարդին:

«Նախնական տվյալներով՝ երիտասարդը մահացել է»,-նշված է տելեգրամյան ալիքում:

Դեպքից հետո մեքենան կանգ չի առել` շարունակելով ճանապարհը: Ցուցարարները Զաիչկինին դուրս են բերել ավտոճանապարհից:

ԶԼՄ-ները հայտնում են, որ ևս 4 ցուցարար գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մինչդեռ իրավապաշտպանները հայտնել են 120 ակտիվիստի ձերբակալման մասին: Նրանց մեջ կան նաև ընտրատեղամասերից դիտորդներ: Առավել քանակությամբ ձերբակալություններ տեղի են ունեցել մայրաքաղաք Մինսկում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: «Էքզիթ փոլի» նախնական տվյալների հրապարակումից հետո, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը սրվել է. ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: