Քննչական կոմիտեի` Զեյթունի բաժնի պետ Հակոբ Գևորգյանը մահվան ելքով վրաերթ է կատարել, դեպքից ութ ամիս անց անգամ կասկածյալի կարգավիճակ չունի

15:07 • 10.08.20

Ամիսներ առաջ Քննչական կոմիտեից Tert.am-ի աղբյուրները հայտնել էին, որ քննիչներից մեկը մահվան ելքով վրաերթ է կատարել: Տեղեկությունը չհրապարակվեց այն պատճառով, որ հետևողական լինենք, թե արդյո՞ք պատկան մարմիններն ընթացք կտան գործին, թե ոչ: Այնուհետև նույն աղբյուրից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ, այսինքն` հրապարակմամբ անդրադառնալու անհրաժեշտություն չկար:

Tert.am-ին պարզ դարձավ, որ դեպքից ութ ամիս անց դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ չկա, քննիչն անգամ կասկածյալի կարգավիճակ չունի: Գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է: Ինչ վերաբերում է դեպքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների` հետիոտնը Բժշկական համալսարանի տարածքում չթույլատրված վայրից հատել է փողոցը և վրաերթի ենթարկվել: 30-ամյա վարորդը չի լքել դեպքի վայրը, զանգահարել է շտապօգնության ծառայություն և ոստիկանություն, սակայն հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել:

Հակոբ Գևորգյանը վարել է BMW X5 88 OQ 888 մակնիշի ավտոմեքենան, մեքենան իրեն է պատկանում, թե ոչ, հայտնի չէ, համենայնդեպս իր հայտարարագրերում այդ մեքենայի մասին ոչինչ նշված չէ:

Աղբյուրի հայտնած լուրը, թե ութ ամիս անց անգամ կասկածյալ չկա, ևս մեկ անգամ ճշտելու համար Tert.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից նախորդ շաբաթ հայտնեցին, որ հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, իսկ նախաքննության ներկա փուլում քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակով անձինք ներգրավված չեն:

Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Հանցանքն ապացուցվելու դեպքում արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: