Մինսկում զանգվածային բախումների ժամանակ ցուցարար է մահացել

01:28 • 11.08.20

Բելառուսի մայրաքաղաքում ցուցարարների և ոստիկանական ոժերի միջև բախումների ժամանակ մեկ տղամարդ մահացել է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան:

«Հրապարակն ազատելու համար դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ստորաբաժանումներին ցույց տրված դիմադրության ընթացքում մի ցուցարար փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ: Այն պայթել է նրա ձեռքում, տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,- հայտարարել է խոսնակը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Մինսկում ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ բնակիչները ցույցեր են անցկացնում նաև Բրեստ քաղաքում, որտեղ ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները նույնպես ուժային միջոցներ են կիրառում, հիմնականում` ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ:

Իրավապահները զանգվածային ձերբակալություններ են կատարում Գրոդնո քաղաքի կենտրոնական փողոցում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող ղեկավար Ալեքսանր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների 80.08 տոկոսը: