Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ (տեսանյութ)
13 ։ 50
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա նիստը, քանի որ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։
Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը։ Նրա գնահատմամբ, սա ընդամենը պատրվակ է նիստերը ձգձգելու համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նկատեց, որ ճիշտ կլինի Միհրան Պողոսյանի բացակայության պատճառները ներկայացնի հենց ինքը և դրանց հետ կապված քննարկումը տեղի ունենա նրա ներկայությամբ։
Բացի այդ, փաստաբան Վարդգես Գևորգյանը դադարեցրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի լիազորությունները, իսկ մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ լինելու է ամենամյա արձակուրդում։
Արձակուրդ մեկնելու մասին տեղեկությունը վրդովեցրեց մեղադրող դատախազներին և տուժող կողմի ներկայացուցիչներին։ Սակայն դրան ի պատասխան, պաշտպան Վարդևանյանը հիշեցրեց, որ ոչ մեկ չէր դժգոհում այն ժամանակ, երբ նախագահող դատավորը նախորդ տարի դեկտեմբերի սկզբից որոշեց գնալ ամենամյա արձակուրդ, ինչի պատճառով մի քանի դատական նիստ չկայացավ։
Իր հերթին պաշտպան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ գարնանը մոտ մեկուկես ամիս դատական նիստ չի հրավիրվել, և դրա պատճառների մասին դատավորի աշխատակազմից ոչ մի տեղեկություն չեն հայտնել։
Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00։
13 ։ 00
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Նա նշեց, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008 թ․ մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։
Այսպիսով, սույն գործով միակ տուժողը սահմանադրական կարգն է, իսկ դրա տապալման հետևանքները հավասարապես վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Իսկ Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքի (կաշառք ստանալը) հետ այդ անձինք ընդհանրապես կապ չունեն։
Ալումյանը ներկայացրեց դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիճակով։
Իր հերթին պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ 300.1 հոդվածով տուժող ուղղակի չի կարող լինել։










