Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում ցույցերի կազմակերպիչների ձերբակալման մասին. ոստիկանության տվյալներով՝ ցուցարարներին վճարում են ակցիաներին մասնակցելու համար (լուսանկար)

12:22 • 12.08.20

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Մինսկում «զանգվածային անկարգությունների կազմակերպիչների» ձերբակալման մասին: Այս մասին գրում է meduza.io կայքը:

Ձերբակալվածներից մեկը Մինսկի բնակիչ է, որը «Բելառուս» հյուրանոցի 17-րդ հարկում սենյակ էր վարձել և այնտեղից համակարգում էր բողոքի ակցիաները:

Ըստ տվյալների` նա ղեկավարում էր 3 անձանց գործողությունները, որոնք, իրենց հերթին, ղեկավարում էին հարյուրավորներին:

Օգոստոսի 12-ի առավոտյան ՆԳՆ-ն հայտարարել է նաև «անկարգությունների մասնակիցներին վճարող» անձի ձերբակալման մասին:

«Տղամարդու պայուսակում հայտնաբերվել է ավելի քան 10 000 դոլար գումար, որը նախատեսված էր զանգվածային անկարգության մասնակիցներին վճարելու համար»,-ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Ձերբակալության ժամանակ տղամարդն ակտիվ դիմադրություն է ցույց տվել ՆԳՆ աշխատակիցներին` կոտրելով նրանցից մեկի քիթը: ՆԳՆ տվյալների համաձայն` նա ավելի վաղ բազմիցս վարչական պատասխանատվության է ենթարկվել և դատվել է հոգեմետ միջոցներ պահելու համար:

Լուսանկարները՝ այստեղ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Այս գիշեր ևս Մինսկում ցուցարարների և ՕՄՕՆ-ականների միջև բախումներ են տեղի ունեցել, ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, հնչել են կրակոցներ և պայթյուններ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: