Վեց ամսվա ընթացքում ընդամենը 2 անգամ 68 հազար դրամ աջակցություն է եղել՝ միայն աշխատողներին, բայց հարկեր վճարել ենք, այդ գումարով ի՞նչ կարող ենք անել. Տուրիստական գործակալության տնօրեն

21:13 • 14.08.20

Արդեն վեց ամիս է՝ ինչ տուրիստական կազմակերպությունները կանգնած են շատ ծանր խնդրի առջև: Մեր գործակալությունն  այս պահին բացի պետական սոցիալական փաթեթներին սպասարկելուց, այլ գործարքներ չի կարողանում կատարել. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Ռիմա թրավել» տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն  Ռիմա Ռաչատրյանը:

 Տուրիստական գործակալության տնօրենը նշում է, որ համավարակով պայմանավորված՝ ներքին տուրիզմը ավելի ակտիվ է, սակայն  տուրիստական գործակալությունները դրանից չեն օգտվում, որովհետև քաղաքացիները Հայաստանի տարածքում, որևէ տեղ հանգստանալու համար նախընտրում են անմիջապես կապ հաստատել տվյալ հանգստյան գոտու հետ:

Ռիմա Խաչատրյանի խոսքով՝ աշխատանք չլինելու պատճառով ստիպված են եղել աշխատողներին կրճատել, իսկ Կառավարության աջակցման  ծրագրերը բավարար չեն եղել, որ կարողանան աշխատողներին պահել.

«Կառավարությունն օրեցօր այնպիսի ծրագրեր են մշակում, որ այդ  ծրագրերը ոչ մի տուրիստական գործակալության ձեռք չի տալիս: Վեց  ամսվա ընթացքում ընդամենը երկու անգամ 68 հազար դրամ աջակցություն է եղել, այն էլ միայն աշխատողներին, բայց պետական հարկը վեց ամիս է՝ վճարում ենք, 68 հազար դրամով մենք ի՞նչ կարող ենք անել, տուրիստական գործակալությունը ո՞նց կարող է գոյատևել: Ամբողջ Հայաստանում հազար և ավել տուրիստական գործակալություն կա, բայց այսօր աշխատում են դրանց երևի թե 10 տոկոսը: Տուրիստական գործակալությունների վիճակը ծանր է»,-նշեց նա:

Անդրադառնալով տուրիստական  գործակալություններին Կառավարության կողմից տրամադրվող վարկային արտոնություններին, Ռիմա Խաչատրյանը նշեց, որ այդ ծրագրերը չմշակված ծրագրեր են և հաշվի չեն առնված զբոսաշրջային ոլորտի առանձնահատկությունները.

«Երևի այդ ծրագրեր առաջարկողներն ընդհանրապես տեղյակ չեն, թե զբոսաշրջային գործակալություններն ինչպես են աշխատում և ո՞րն է իրենց եկամուտը: Մենք աշխատում ենք, ըստ միջնորդավճարի, այդ միջնորդավճարն է, որ համարվում է մեր եկամուտը: Նախատեսված ծրագրով պետք է մեր շրջանառությունը 12 մլն-ից անցներ, որ կարողանայինք  վարկային աջակցություն ստանալ, բայց տուրիստական գործակալությունների միջնորդավճարը  բավականին քիչ է, այն չի կարող 12 մլն-ը գերազանցել: Մենք դիմել ենք, բայց մերժվել ենք: Այնպիսի ծրագիր է մշակված, որ ոչ մի տուրիստական գործակալություն չկարողացավ ստանալ այդ վարկային գումարը»,-տեղեկացնում է գործակալության տնօրենը:

Ռիմա Խաչատրյանը նաև դժգոհում է, որ Զբոսաշրջության կոմիտեն ծագած խնդիրներին չի անդրադառնում, և հաճախ ստիպված են լինում դիմել Տուրիզմի հայկական  ֆեդերացիա.

«Եթե կա Զբոսաշրջության կոմիտե, ապա ինչի՞ համար պետք է յուրաքանչյուր խնդրի համար  դիմենք տուրիզմի ֆեդերացիա՝ Մեխակ Ապրեսյանին, որ մեր խնդիրները կարգավորի: Թող զբոսաշրջության կոմիտեն փակվի, ինչի՞համար են այդքան մեծ գումարներ ստանում, իսկ տուրիստական գործակալությունները կոպեկներով գոյատևում են: Ինչի՞ պետք է տուրիստական գործակալությունները ծրագրեր մշակեն, մտածեն ինչպես անել, որ զբոսաշրջության ոլորտը զարգանա, բա տուրզմի կոմիտեն ինչի՞ համար է»,-ասաց նա:

Ռիմա Խաչատրյանը անդրադարձավ ևս մեկ խնդրի՝ կապված պետական սոցիալական ծրագրերի հետ, նշելով, որ  սոցիալական փաթեթներով հնարավոր չէ  եկամուտ ակնկալել, քանի որ փաթեթներին տրամադրվող 72 հազար դրամը գործակալության հաշվեհամարներին փոխանցվում է մինչև տարվա վերջ՝ յուրաքանչյուր ամիս 6000-ական դրամով: Սակայն, տնօրենի հավաստմամբ, եթե փաթեթից օգտվողները աշխատանքից ազատվում են, կամ երկրից դուրս են գալիս և բանկում կամ հաշվապահությունում չեն զգուշացնում, որ տվյալ տուրիստական գործակալությունից օգտվել են, այդ դեպքում 72 հազար դրամը մինչև տարվա վերջ լիովին չի փոխանցվում գործակալության հաշվեհամարին.

«Այսինքն, եթե տուրիստական գործակալությունը սպասարկել է այդ հաճախորդին, կանգնում է խնդրի առջև: Արդեն 8 տարի է՝ խնդիրը կա և բարձրաձայնում ենք, որ սոցիալական փաթեթներից չենք կարողանում եկամուտ ակնկալել: Մենք այս պահին սոցիալական ծրագրեր ենք իրականացնում, բայց չգիտենք՝ մինչև տարվա վերջ մենք պարտքեր կկուտակենք, թե եկամուտ կակնկալենք»,-եզրափակեց Ռիմա Խաչատրյանը։

«Ջոննի Վոյաժ» ընկերության տնօրենը, անդրադառնալով ոլորտի խնդիրներին,  նշում է, որ թեև գործակալությունը ֆինանսական խնդիրներ ունի, սակայն աշխատակիցներին չի կրճատել.

«Որպեսզի կարողանանք պահել գործակալությունը, մեր միջոցներն ենք ներդնում, որ կարողանանք վճարել տեղի գումարը, աշխատողների աշխատավարձը:  Չենք կատարել կրճատումներ, որ նոր աշխատող հետո չփնտրենք, փորձում ենք աշխատողներին ապահովվել նվազագույն աշխատավարձով,  հույս ունենք, որ կվերադառնանք նախկին տեմպին»,-ասաց նա:

Գործակալության տնօրենը նշում է, որ ներքին տուրիզմով չեն զբաղվում, քանի որ հյուրանոցները ավելի բարձր գումար են պահանջում գործակալությունից, քան՝ հաճախորդից: Անդրադառնալով Կառավարության աջակցման ծրագրերին՝ ասաց, որ գործակալության  աշխատակիցները երկու ծրագրից օգտվել են, սակայն  գործակալությունը ոչ մի աջակցման ծրագրից չի կարողացել օգտվել՝ առկա սահմանափակումների պատճառով.

«Ոչ մի աջակցություն չենք ստանում, բաց արդեն 6 ամիս է՝ վճարում ենք տարածքի գումարը, իսկ եթե ազատենք տարածքը, դա ավելի մեծ ծախսեր է ենթադրում`ծախսեր գովազդի հետ կապված, խնդիրներ  Թաղապետարանում և Կադաստրում,  տարածքի վերանորոգման համար ևս գումար ենք ծախսել և չենք կարող միանգամից թողնել դուրս գալ»,- եզրափակեց գործակալության տնօրենը: