«Պուտինը պետք է աղոթի, որպեսզի այն մարդը, որին նա միշտ վախեցել է անունով դիմել, ապրի». գրող Բորիս Ակունինը՝ Նավալնիի հոսպիտալացման մասին

16:56 • 20.08.20

Ռուս հայտնի գրող Բորիս Ակունինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացմանը։ 

«Նովո-Օգարյովոյի բնակիչը (նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրը-Խմբ.) պետք է աղոթի, որպեսզի այն մարդը, որին նա միշտ վախեցել է անունով դիմել, ապրի։ Հակառակ դեպքում ավելի վատ կլինի, քան Աննա Պոլիտկովսկայայի և Բորիս Նեմցովի սպանություններից հետո։ Շատ ավելի վատ։ 

Բազմիցս ինձ հրապարակավ և առանձին հարցրել են՝ ինչպես կարող եմ այդ սարսափելի Նավալնուն աջակցել, որն ամեն բան սխալ է անում։ Ես միշտ նույն կերպ եմ պատասխանել․ Ալեքսեյ Նավալնին իր համոզմունքների համար ամեն օր կյանքը վտանգի է ենթարկում։ Իսկ դա կյանք է, որում նա կորցնելու բան ունի։

Պինդ եղե՛ք, Ալեքսեյ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունն այսօր Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: 

Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։