«ԿԺԴՀ-ի առաջնորդը կոմայի մեջ է․ երկրի ղեկն իր ձեռքն է վերցրել նրա կրտսեր քույրը»․ նախկին հարավկորեացի պաշտոնյա

10:45 • 24.08.20

Հարավային Կորեայի հանգուցյալ նախագահ Կիմ Դե Չժունի նախկին օգնական Չան Սոն Մինը պնդում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոմայի մեջ է, և որ նրան փոխարինում է կրտսեր քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, գրում է The New York Post-ը։

Նախկին հարավկորեացի պաշտոնյայի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մոտ այս տարի լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։

«Նա կոմայի մեջ է, բայց դեռևս չի մահացել»,- ասել է նա հարավկորեական ԶԼՄ-ներին:

Նախկին օգնականը հավելել է, որ առաջնորդի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, պատրաստ է ստանձնել նրա պարտավորությունները և երկրի ղեկն իր ձեռքն առնել։

«Իրավահաջորդության ամբողջական կառուցվածքը դեռևս ձևավորված չէ, ուստի Կիմ Յո Չժոնն առաջին պլան է մղվում, քանի որ վակուումը երկար ժամանակ չի կարող պահպանվել»,-ասել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կիմ Յո Չժոնին։

Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է:

Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի վատթարացման մասին վերջին շրջանում լուրեր են հայտնում ճապոնական, հոնկոնգյան և հարավկորեական աղբյուրները։