Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել Չինաստանի հետ բիզնեսը

12:08 • 24.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգներն ինչ-որ պահի կարող է ընդհանրապես դադարեցնել Չինաստանի հետ բիզնեսը: 

«Դուք հարցնում եք ինձ՝ պատրաստ կլինե՞մ արդյոք բաժանել ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունները և բիզնես չվարել Չինաստանի հետ: Դա շատ հետաքրքիր հարց է, որովհետև մինչև հիմա մենք ոչինչ չենք ստացել Չինաստանից, միայն գումարներ ենք կորցրել»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նրանք մեզ հետ սխալ են վարվում: Ես կմտածեմ այդ մասին»,- հավելել է նախագահը:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե սպասվող նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենը հաղթանակ տանի, ապա Չինաստանը կտիրի ԱՄՆ-ին, իսկ մարդիկ ստիպված կլինեն չիներեն սովորել: 

«Եթե Բայդենը հաղթի, Չինաստանն ԱՄՆ-ն գրավելու է, իսկ ինձ հետ նրանք 67 տարվա մեջ ամենավատ տարին են ունեցել, քանի որ ես նրանց մաքսատուրքերով եմ ծանրաբեռնել․ մենք տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք ստացել Չինաստանից, իսկ դա մեծ ազդեցություն, բացասական ազդեցություն է ունեցել նրանց վրա»,- նշել է Թրամփը։

Նշենք, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ է մտել ոչ միայն Չինաստանի, այլև Եվրամիության երկրների հետ։