Ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում, խորքային փոփոխությունների միտում կա. Կարինե Նալչաջյան  

12:21 • 28.08.20

 

Այսօր ավելի նկատելի է, որ ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգություններ են իրականանում: Այս մասին այսօր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Ազգային արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը թիրախավորված են, այսօր խորքային փոփոխություններ իրականացնելու միտումներ կան: Եթե սրանք չպահպանվեն, ազգի գոյության խնդիր է առաջանում»,- ասաց նա և հավելեց, որ առաջին հայացքից դա նկատելի չէ, սակայն այստեղ, ըստ նրա, սպառնալիք կա, ինչի դեմ ակնկալվում է պայքար և դիմադրություն:

Ըստ նրա՝ այս ամենը տանում է նրան, որ երեխան զրկվում է հայ ազգի ներկայացուցիչ լինելու իրավունքից: Նրա խոսքով՝ առաջ բերված օրենքի նախագիծը կօգնի բազմաթիվ այլ տարաձայնություններ հաղթահարել և ազգային համախմբումն իրականություն դարձնել:

«Կրթական համակարգը թիրախավորվում է նույնիսկ դեռ մանկապարտեզներից, և եթե աղավաղում ենք այն նմանատիպ դաստիարակություններով, ապա մենք խաթարում ենք նրանց անձնական, հոգեբանական առողջությունը»,- ասաց նա և հավելեց, որ սա ընդամենը մեկ օրինակ է, սակայն դրանք շատ են, ինչպես օրինակ եկեղեցու պատմության արժեքները, որը հաջորդ սերունդներին արդեն չի հասնելու:

«Ամեն ինչ արհեստականորեն խեղվում է, և մենք ապրելու ենք բոլոր իմաստներով խեղված հասարակության, խեղված մարդկանց միջավայրում»,- շեշտեց հոգեբանը: