«Մելանյան դժգոհում էր, որ Իվանկան մշտապես մրցակցում է իր հետ»․ ԱՄՆ առաջին տիկնոջ նախկին ընկերուհին նոր գրքում բացահայտել է Իվանկա Թրամփի հետ վերջինիս տարաձայնությունները (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր նախկին մտերիմ ընկերուհու մոտ դժգոհել է, որ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, իր նկատմամբ որպես առաջին տիկին հարգանք չի ցուցաբերում և անընդհատ փորձում է ուշադրությունն իր վրա սևեռել, գրում է Daily Mail-ը՝ Մելանյա Թրամփի նախկին ընկերուհի և աշխատակից Ստեֆանի Վոլկոֆի գրքին հղումով։
Վոլկոֆը հաջորդ երկուշաբթի ընթերցողի դատին կհանձնի իր «Մելանյան և ես. առաջին տիկնոջ հետ իմ բարեկամության վերելքն ու անկումը» գիրքը։
Օրերս լրագրող Յաշար Ալին հայտնել է, որ Վոլկոֆը ձայնագրություններ ունի, որոնցում ԱՄՆ առաջին տիկինը բացասական է արտահայտվում ամուսնու և նրա երեխաների մասին։
Մեկ այլ աղբյուր Daily Mail-ին հայտնել է, որ 50-ամյա առաջին տիկնոջ դժգոհությունը, մասնավորապես, կապված է եղել Իվանկա Թրամփի հետ։
«Մելանյան դժգոհում էր, որ Իվանկան մշտապես մրցակցում է իր հետ՝ նրա փոխարեն ուշադրության արժանանալու համար, կարծես նա ավելին գիտեր և ավելի լավ առաջին տիկին կարող էր լինել»,-ասել է աղբյուրը։
Vogue-ի հատուկ միջոցառումների գծով նախկին տնօրեն Վոլկոֆը, որն ԱՄՆ առաջին տիկնոջ հետ ծանոթացել է 2003 թվականին և, ինչպես նշվում է գրքում, «նրան չմշակված թանկարժեք քարից վերածել արժեքավոր ադամանդի», Մելանյա Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականն է եղել մինչև 2018 թվականի փետրվարը, որից հետո տարաձայնությունների ֆոնին լքել է պաշտոնը։














