Աշխարհազորային գումարտակը ղեկավարելու համար համայնքներում և մարզպետարաններում տեղակալի հաստիք կստեղծվի, որոնք կհամալրեն պաշտոնաթող սպաները. Գաբրիել Բալայան (տեսանյութ)

14:07 • 01.09.20

Մենք նախատեսում ենք, որ մեր պաշտոնաթող փորձառու սպաները կհամալրեն աշխարհազորային գումարտակը ղեկավարելու գործընթացը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ աշխարհազորային բրիգադը, ըստ օրենքի նախագծի, ղեկավարելու է համայնքի ղեկավարի կամ մարզպետի տեղակալը, իսկ գումարտակ ղեկավարելու համար ռազմական գիտելիքներ են պետք:

«Մենք ունենք գեներալական կազմ, մենք ունենք գնդապետներ, փոխգնդապետներ, որոնք զորամասի և ավելի բարձր օղակների հրամանատարներ են եղել: Կարծում ենք, որ օրենքի ընդունումից հետո այդ հաստիքների համալրումը տեղի կունենա հենց այդ անձնակազմից, որոնք նաև տեղացի են, ինչը կարևոր է: Հրամանատարների մեծ մասը հեղինակություն է վայելում այդ համայնքներում, այդ լիդերության հատկանիշները մենք փորձելու ենք  օգտագործել և մեր պաշտոնաթող փորձառու և հասարակության վստահությունը վայելող սպաներին առաջարկելու ենք նշանակվել այդ պաշտոններում»,- ասաց փոխնախարարը:

Ճշտող հարցին՝ նոր տեղակալի պաշտո՞ն է  բացվելու, Գաբրիել բալայանը պատասխանեց. «Կան համայնքներ, որոնք թափուր հաստիք ունեն և համալրված չեն և կնշանակվեն: Մարզպետարանները, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տեղակալի հաստիք ունեն: Եթե օրենքն այս ձևակերպմամբ ընդունվեց, նոր հաստիքների անհրաժեշտություն կառաջանա: Համայնքներում էլ, որտեղ անհրաժեշտություն կա, նոր հաստիք կբացվի, որտեղ թափուր հաստիք կա, կլրացվի»,- պարզաբանեց նա:

Հարցին էլ, թե ինչ իրավունքներով ու պարտականություններով է օժտված լինելու աշխարհազորայինը, Բալայանն ասաց, որ դրանք ամրագրված են մի շարք օրենքներում, մասնավորապես, ներքին ծառայության կանոնագիրք, կարգապահական կանոնագիրք և այլն: Նա խնդրեց ուշադրություն դարձնել, որ սա կամավորության սկզբունքի հիման վրա է, մարզանքները, նախավարժանքները համապատասխան կանոնագրքով է լինելու, եթե զորակոչվեց, երբ կիրառման անհրաժեշտությունը կառաջանա, գործելու են բոլոր զինվորական օրենքները:

Իսկ արդյոք վճարովի է լինելու ծառայությունը, նա շեշտեց, որ երբ ներգրավեն, այո, իսկ խաղաղ պայմաններում՝ ոչ: «Մարզումների գալու համար որևէ վճարում չի նախատեսվում, դրա համար եմ շեշտում կամավորության սկզբունքը»,- ասաց նա: