Եթե մեր հարցին մինչև չորեքշաբթի լուծում չտան, ավտոբուսով գնալու ենք Բագրատաշեն. ՌԴ մեկնել ցանկացողները հանդիպեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ (տեսանյութ)

20:21 • 11.09.20
Եթե մեր հարցին մինչև չորեքշաբթի լուծում չտան, ավտոբուսով գնալու ենք Բագրատաշեն. ՌԴ մեկնել ցանկացողները հանդիպեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ (տեսանյութ)

 

Մենք ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների անուն- ազգանունները կհավաքենք, առավոտը ժամը տասին կտանք պատգամավորներին, եթե հստակ պատասխան չտան մեզ, թե երբ կլինի, բանակցությունները որ փուլում կավարտվեն, կնստենք ավտոբուս ու կշարժվենք ուղիղ Բագրատաշեն. այս մասին ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից հետո:

«Մենք մի քանի օր կսպասենք: Չորեքշաբթի օրը կառավարությունը գնալու է  ԱԺ, վարչապետին տրվելու է մեզ հուզող հարցը ու անկախ ամեն ինչից բանակցելու են, չեն բանակցելու, հարցը լուծվելու է, թե ոչ, մեր առաջին ավտոբուսը չորեքշաբթի օրը նիստից հետո շարժվելու է Բագրատաշեն»,- ասաց նա:

Քաղաքացին հավելեց, որ իրենք ոչ մի հստակ պատսխան չեն ստացել. «Ասում են՝ բանակցում ենք, մենք ոչ մի արդյունք չենք տեսնում, ում հետ են բանակցում, որ չենք տեղեկանում, եթե բացվելու լիներ տեղյակ կլինեինք: Մենք գիտենք, որ սահմանների բացում չի լինելու, բայց այս 150 հոգու հարցը պետք է լուծեն»,- ասացին նրանք:

Դիտարկմանը՝ եթե նույնիսկ հասնեն Բագրատաշեն, իրենց չեն թողնելու սահմանն անցնեն, քաղաքացին ասաց. «Մի քանի օր էնտեղ կմնանք, կտանջվենք, հետո երևի կթողնեն կանցնենք ՌԴ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամվորներից Հակոբ Սիմիդյանն էլ լրագրողների դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհ դուրս եկան ասաց. «Իրենց դժգոհությունները լսեցինք. Իհարկե, պետք է դժգոհ լինեն, որովհետև մենք այս պահին չկարողացանք իրենց պատասխան տալ, բայց ասացինք, որ զբաղվում է կառավարությունը, ամեն բան փորձում է անի՝ խնդիրը շուտ լուծվի: Մենք էլ հետևողական կլինենք, որ ինչ հնարավոր է արագ արվի»:

Պատգամավորը հավալեց, որ համաճարակով պայմանավորված խնդիր է, որևէ մեկի ցանկությունով չի պայմանավորված, այլ երկրի կանոներով է պայմանավորված, կառավարությունն էլ ամեն ինչ անում է: