Թրամփը հայտարարել է, որ Օբաման անարդարացիորեն է Նոբելյան մրցանակ ստացել

08:36 • 14.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման անարդարացիորեն է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացել, գրում է ria.ru-ն։

«Հիշո՞ւմ եք չէ մեր մեծ նախագահին։ Բարաք Հուսեյն Օբամա․ նա մրցանակը ստացել է պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Հարցին, թե ինչու է ստացել, նա չկարողացավ պատասխանել, հիշո՞ւմ եք։  Իսկ հետո Բայդենն ասաց. «Իսկ ի՞նձ» ու նրանք պատասխանեցին․«Սա ո՞վ է, գրողը տանի, և ինչ է արել»։  Օբաման այն ստացել է ոչ մի բանի համար»,- Նևադայում իր աջակիցների առջև ելույթում ասել է Թրամփը։

Ընդ որում, Թրամփը հիշեցրել է, որ իրեն օրերս երկու անգամ առաջադրել են այդ մրցանակին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նոբելյան կոմիտեին պաշտոնական խնդրագիր է ուղարկել Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ Քրիստիան Թիբրինգ Գեդդեն։ Վերջինս մրցանակի համար Թրամփի առաջադրման մասին Նոբելյան կոմիտեին ուղղված իր նամակում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դեր է խաղացել Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Կարծում եմ՝ պետությունների միջև խաղաղություն հաստատելու իր փորձերում նա ավելին է արել, քան մրցանակի մյուս թեկնածուների մեծ մասը», - հայտարարել էր պատգամավորը հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Օրեր անց Շվեդիայի խորհրդարանի անդամ Մագնուս Յակոբսոնը ևս Նոբելյան մրցանակի էր առաջադրել Թրամփին։

2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային՝ «միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»։