«Կիպրոսի հունական վարչակազմի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը չի նպաստի Միջերկրական ծովում խաղաղության հաստատմանը». Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

15:36 • 14.09.20

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը մեկնաբանել է Կիպրոսի Հանրապետության իշխանությունների և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Այդ փոխըմբռնման հուշագիրը չի ծառայի Միջերկրական ծովի արևելքում խաղաղության ու կայունության հաստատմանը և հարված կհասցնի կիպրական խնդրի լուծմանը»,-հայտարարել է Աքսոյը:

ԱԳՆ խոսնակը իր գրավոր պատասխանի մեջ նշել է, որ կնքված հուշագիրը «անտեսում է Կիպրոսի թուրքական կողմին»:

Աքսոյը նշել է, որ «Միացյալ Նահանգների`Կիպրոսի հունական վարչակազմի համար զենքի մատակարարման  արգելքը վերացնելու և հունական կողմին ռազմական ուսումնական ծրագրում ներառելու որոշումները խաթարում են կղզու երկու ժողովուրդների միջև հավասարակշռությունը և ավելացնում են լարվածությունը Միջերկրական ծովի արևելքում»:

ԱԳՆ-ը խոսնակն ասել է նաև, որ հատկանշական է Կիպրոս այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Կիպրոսի թուրքական կողմի հետ չհանդիպելը:

«Կասկած չկա, որ հույների հետ հավասար իրավունքներ ունեցող կիպրոսցի թուրքերին անտեսող այս քայլերի միակ արդյունքը լինելու է հույների անզիջում պահվածքի ուժեղացումը, այդպիսի մոտեցումը ցանկացած խնդրում հույներին չի դրդի հաշտվողական դիրքորոշում  ստանձնել:

Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում վերադառնալ իր ավանդական քաղաքականությանը Կիպրոսում և ջանքեր ներդնել կիպրական խնդրի լուծման ուղղությամբ»,-եզրափակել է իր խոսքը Աքսոյը:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: