Որևէ մեկն ինձ վրա՝ որպես դատավորի ազդեցություն չի ունեցել և չի կարող ունենալ․ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյան (տեսանյութ)

11:44 • 14.09.20

Որևէ մեկն ինձ վրա՝ որպես դատավորի ազդեցություն չի ունեցել և չի կարող ունենալ։ Այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրուցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը։ Նա պատասխանեց նաև նախկինում իր կայացրած որոշումների վերաբերյալ հարցերին։

Երվանդ Խունդկարյանը պաշտոնապես հայտարարեց, որ իշխանությունների հետ իր՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ քննարկումներ ու հավաստիացումներ չեն եղել և չեն էլ կարող լինել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը:

Գործող Սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է ՍԴ կազմը համալրելու ընթացակարգը: Այդ ընթացակարգի համաձայն ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

«Տեսեք՝ քանի գործընթաց պետք է անցնի թեկնածուն՝ Դատավորների ընդհանուր ժողով, ժողովում փակ գաղտնի քվեարկություն: Երկրորդ փուլ՝ թեկնածուի ներկայացում Ազգային ժողովում, ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկություն և ընտրություն: ՍԴ նախագահն էլ, ըստ ներկայումս գործող կարգավորումների՝ ընտրվում է ՍԴ դատավորների կողմից: Այս պայմաններում որևէ պայմանավորվածություն կարո՞ղ է աշխատել»,- նշեց Խունդկարյանը:

Forrights.am-ը գրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք թեկնածուներից երկուսի՝ Արթուր Վաղարշյանի և Խունդկարյանի վերաբերյալ եզրակացություններն արդեն ուղարկել է ԱԺ, Էդգար Շաթիրյանինը՝ օրերս պատրաստ կլինի։ Չնայած եզրակացությունները չեն հանրայնացվելու, քանի որ օրենքով դրանք հրապարակային չեն, սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել Վճռաբեկ դատարանի նախագահի վերաբերյալ։

«Յուրաքանչյուր նման գործընթաց սկսելուց առաջ թեկնածուն պետք է լրացնի բարեվարքության հարցաթերթիկ, որն իմ կողմից կատարվել է և ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովի եզրակացությանը ես որևէ կերպ ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետև ըստ օրենքի՝ գաղտնի է և դա տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց: Այդ կարծիքը պատգամավորներին տրված կարծիք է և դա պետք է ուղղորդի պատգամավորներին: Եթե պատգամավորները կգտնեն, որ դա խոչընդոտ է, ընտրությունը իրենցն է, ես չեմ կարող որևէ կերպ ներազդել այդ ընտրության վրա»,- ասաց Երվանդ Խունդկարյանը:

Forrights.am-ի նույն հրապարակման մեջ նաև ասվում է, որ Երվանդ Խունդկարյանի 13 գործով ՄԻԵԴ-ն «․․․ընդդեմ Հայաստանի» որոշումներ է կայացրել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երվանդ Խունդկարյանը հայտնեց, որ նշված վճիռները վերաբերում են Թեղուտի գործերին:

«Եթե վերցնեք, կետ առ կետ վերլուծեք, կհամոզվեք, որ գործերի մի շարք կա, որ ես ընդհանրապես որևէ մասնակցություն չեմ ունեցել, գործերի մի շարք կա, որ ընդհանրապես պետք է վերլուծել, թե իրական խախտումը, որը տեղի է ունեցել, որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել: Մենք պետք է հիշենք մեկ բան, այո, դատավորի մասնագիտական որակի մասին շատ ավելի լավ խոսում է նրա առաջին ատյանում իրականացրած գործառույթները: Իսկ ինչ վերաբերում է վճռաբեկ ատյանին, ապա Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով և հիմնավորումներով»,- նշեց նա:

Հարցին, թե սահմանադրական փոփոխությունները, որով ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցվեցին, սահմանադրակա՞ն էին, թե հակասահմանադրական, Երվանդ Խունդկարյանը պատասխանեց. «Մենք այսօրվա դրությամբ ունենք Սահմանադրություն և ընդունված օրենք: Մենք՝ դատավորներս, պարտավոր ենք իրականացնել օրենքի ընդունումից հետո կատարված գործողությունները: Թե քաղաքական տեսանկյունից մինչև օրենքի ընդունումը ինչ է տեղի ունեցել, մենք՝ դատավորներս, դրա գնահատականը տալու իրավունք չունենք: Մենք ունենք Սահմանադրություն, օրենք, պարտավոր ենք կատարել օրենքի պահանջները»: