«Ասում են՝ սեպտեմբերի 20-ից հետո կասեն խաղողի մթերման գինը, ամեն ինչ անում են, որ խաղողը փչանա, իրենց ուզած գնով վերցնեն». Արարատի բնակիչները բողոքի ակցիան կշարունակեն սեպտեմբերի 20-ին (տեսանյութ)
12։07
Գործարանի ղեկավարի հետ հանդիպումից եկած քաղաքացիները նշեցին, որ պատասխանը բավարար չէր: «Ասել է՝ սեղանի սորտը կվերցնեն, կոնկրետ գին չեն ասել»:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ակցիան շարունակում են, սակայն ավելի ուշ որոշեցին, որ ակցիան կշարունակեն սեպտեմբերի 20-ին, եթե խնդիրին լուծում չտրվի:
«Մեր երեխաներն ու կանայք են գալու հաջորդ անգամ: Սա ի՞նչ է, զինվոր պահել էլ չենք կարող»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
11։39
«Փաշինյանը չի՞ կարող ձեռքը սեղանին խփի, ասի՝ այս գնով պետք ա լինի. գործարանի տերն ո՞վ է, որ խաղողի գին որոշի: Մի հատ հաշվարկեք, տեսեք՝ տակը ինչ է մնում, ես 2-3 տոննա խաղող ունեմ, ոչ մի բան էլ տակը չի մնում»,- ասաց խաղողագործներից մեկը:
Շահումյանցիներից մեկն էլ ասաց՝ վարչապետը ճակատին գրում է «Դուխով», բայց հիմա այդ «դուխը» չեն տեսնում: «Տանջվել եմ, իմ փողն եմ ուզում»,– ասաց նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպման են գնացել մեկ գործարանի ղեկավարի հետ: Հիմա նրանք սպասում են քննարկման պատասխանին:
11։16
Այս սա է ժողովրդի ցեղասպանությունը, մեր պետության ղեկավարները ցեղասպանություն են անում: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Շահումյան գյուղի բնակիչներից մեկը, ով նույնպես մասնակցում էր խաղողի մթերման վատ պայմանների դեմ բողոքի ակցիային:
«Ցեղասպանությունն այն է, որ ես հիմա իմ ընտանիքին չեմ կարողանում պահել»,- շահումյանցին և հավելեց, որ Հայաստանին Արարատի և Արմավիրի մարզերն են պահում, իսկ հիմա պետությունը ոչ մի կերպ չի ընդառաջում:
«72 տարեկան մարդ եմ, չոքեչոք խոտ եմ քաղում, մշակում, որ այսօրով իմ ընտանիքը պահեմ, սրանք ասում են՝ չէ 120, 100 դրամ. որպես ի՞նչ: Ուզում ենք՝ վարչապետը գա, որ իր խոսքերին տեր կանգնի: Ասել է՝ առանց տոկոս 3 մլրդ դրամ եմ տալիս, 2 տարով, գինու գործարանները գյուղացու խաղողն են ուզում: Չեկա, կպառկենք ասֆալտին, թող գան, տրորեն, անցեն»,-ասաց նա:
Բնակիչներից մեկը շեշտեց, որ քանի գնում է, իրենց վարկերը ծանրաբեռնվում են, իսկ խաղողի գինն ով, ինչպես ուզում որոշում է, Կառավարություն չկա: «Ասում են՝ Կառավարությունն է որոշել, Կառավարությունն ինչի պետք է որոշի ժողովրդի տեղը: Թող գան, մեր հարսերին պատասխանեն, մենք ճանապարհը փակում ենք»:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորեցին, որ անվտանգ գոտում կանգնեն:
09։57
Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են մայրուղին. պատճառը խաղողի մթերման խնդիրն է։
«Վարչապետը մեզ համար ոչինչ չի անում, թող բերքը արտահանեն, մենք վարկի փողն ինչպես տանք, եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 135: Ինչո՞վ գոյատևենք»։










