Այսօր կառավարության դիմաց մարդիկ հացադուլ են անում, որ երկրից գնան, այդ հարցի վրա աչք են փակում, բայց ասում են՝ 2050-ին ՀՀ-ում 5 մլն մարդ է լինելու. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

22:15 • 24.09.20

Մի քանի պատճառ կա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարություն ներկայացնելու համար ընտրել է 2050 թվականը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ առաջին պատճառը ենթագիտակցության վրա ազդող մեսիջ է. «Մինչև 2050 թվականը շատ բան չի փոխվելու, ես, իմ հետնորդները, կամ գոնե մեր քաղաքական ուժն է լինելու:

Երկրորդ պատճառն այն է, որ այսօր հեշտ է խոսել 2050 թվականի մասին, այսօր մի բան կասես, հետո ժամանակը կանցնի, դե արի՝ հիշի 2050 թվականին, թե 2020-ին ինչ է ասվել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ երրորդ պատճառն այն է, որ նպատակ ունեն ապագայի մասին խոսակցություններով ուշադրությունը շեղել այսօրվա խնդիրներից, խնդիրներ, որոնք վայրկյան առաջ պետք է լուծվեն:

«Օրինակ՝ խոսում են կրթասիրության մասին. կրթասիրությունը դիտվում է որպես ազգային արժեք: Ընդունում եմ՝ բոլորն են ասել՝ ժողովուրդը կրթության հանդեպ առանձնակի սեր ունի, բայց այսօր ունենք կրթության նկատմամբ որոշակի հարգանքի նվազում, բայց թղթի վրա կա կրթասիրություն և նշվում է՝ պետք է զարգացնել կրթությունը:

Այդ 2050 թվականի ռազմավարության մեջ նշվեց, թե առնվազն երեք հայաստանյան համալսարան պետք է լինեն աշխարհի թոփ 200 համալսարանների մեջ, ներգաղթը խրախուսելու համար կամ հայրենադարձությունը խրախուսելու համար սփյուռքահայերը պետք է գան այստեղ սովորեն, բայց իրականությանն ես նայում, տեսնում ես՝ ԲՈւՀ-ից մեկում այսօր գործադուլ է, պետական ԲՈւՀ-ում գործադուլ է, և ի՞նչ է մտածում կառավարությունը: Այս վայրկյանի խնդիրը թողած, այսօրվա հարցը թողած, 2050 թվականի մասին խոսելը շատ հեշտ է»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանը այնուհետև օրինակ բերեց կրթության չափորոշիչները, իր կարծիքով՝ դրանք անընդունելի չափորոշիչներ են, հասարակության մոտ առնվազն կան խնդրահարույց հարցեր. «Էլի այս խնդիրները թողած՝ խոսում են 2050 թվականի մասին. փորձ է արվում ուշադրությունը շեղել:

Դիմակների կրումը դպրոցներում. հարցեր են չէ՞, մարդիկ այս հարցերը դնում են սեղանին ու պարզաբանում են ուզում: Օրինակ՝ ինչո՞ւ պետք է 60 հոգին ռեստորանում քեֆ անեն առանց դիմակի, իսկ 20 երեխա դասարանում լինեն դիմակով: Կրթական համակարգի խնդիր է դիմակով անե՞լ դասերը, թե՞ ոչ»,- նշեց նա:

Ըստ Խաչատրյանի՝ եթե դրվում է 30 տարվա խնդիր, միջանկյալ արդյունքներ պետք է լինեն, որ կարողանաս մոնիտորինգ անել քո ռազմավարության իրականացումը:

«Այսինքն՝ օբյեկտիվորեն չափելի ցուցանիշներ պետք է դնես ժամանակի ընթացքում՝ ինչի պետք է հասնես և գնահատելու համար տեսնես՝ ճիշտ ուղղությամբ ես գնում և հետո հասկանաս՝ ինչ ես արել, ինչ չես արել:

Այս ամեն ինչը թողած՝ միանգամից 2050 թվականի ցուցանիշներ են դրվել. փորձում ես հասկանալ այդ ցուցանիշների տակ ինչ տրամաբանություն կա, ՀՆԱ-ի, տնտեսության աճ 20 անգամ, բայց այդ թիվը նոր չի հնչեցվում, այն հնչեցվել է 1.5 տարի առաջ և ցանկացած մարդ, ով մի քիչ մաթեմատիկա գիտի, հասկաում է, դա տարեկան 12 տոկոս աճ է կազմում, և ով գիտի տնտեսագիտություն, հասկանում է՝ 30 տարի 12 տոկոս աճ հնարավոր չէ, տնտեսությունը ցիկլիկ է զարգանում. լավ, տարին պետք է գոնե 17-18 տոկոս ունենաս, որ վատ տարին փոխես և հարց՝ ինչպե՞ս եկանք դրան, տակը հաշվարկ կա՞, թե՞ ոչ»,- ընդգծեց նա և հարց հնչեցրեց՝ որտեղի՞ց պետք է ստանան այդ 20 անգամը, տարեկան 12 տոկոս աճը ռեալ չէ:

«Ասում է՝ միջին աշխատավարձը պետք է 7 անգամ աճի. ինչո՞ւ 7 և ասենք ոչ թե 10 անգամ: Իրենք իրենց գրում են՝ չէ՞ որ դա ամբիցիա է ավելի շատ և ոչ թե հաշվարկված կամ պլանավորած ինչ-որ բան, դե, եթե ամբիցիա է, 7 մի գրեք, գրեք՝10:

Ասում է ՝բնակչության թիվն էլ պետք է լինի 5 մլն, բայց, երբ բնական աճը շատ սահմանափակ է, մենք բնականից նվազող ենք, պետք է ներկայացնեն՝ ինչպե՞ս են դա անելու, խրախուսելո՞ւ են ծնելիությունը, ինչպե՞ս են խրախուսելու:

Միանվագ գումարը վճարեցին, շատ լավ, բայց արդյոք անհրաժեշտ և բավարար քայլ է, որ ծնելիությունը խրախուսվի»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի՝ վարչապետի կողմից հնչեցրածն ընդամենը բարի ցանկությունների ամբողջություն է, ռազմավարություն չկա: Ըստ նրա՝ նույնիսկ, եթե դա ռազմավարություն կոչենք, դրա մեջ բավականին վիճելի խնդիրներ կան: «Խոսում են հայրենադարձության մասին, խրախուսում ենք հայրենադարձությունը. դա, իհարկե, շատ լավ գաղափար է, բայց ինչպե՞ս են խրախուսում: Ասում են՝ գան հայկական անձնագիր ստանան, տուն առնեն, բիզնես դնեն, գան սովորեն, դա հայրենադարձություն չեղավ: Ասելով՝ անձնագիր կտանք, դու այստեղ գումար դիր, այդպե՞ս է խրախուսվում հայրենադարձությունը»,- ասաց նա:

Բացի այդ, վերջինս հիշեցրեց, որ այսօր կառավարության դիմաց մարդիկ հացադուլ են անում, որ երկրից գնան. «Նման բան սովետի ժամանակ հրեաներն էին անում, բողոքում էին՝ թողեք գնանք մեր հայրենիք՝ Իսրայել: Ուր ենք հասել, որ մարդը հացադուլ է անում, ասում՝ թողեք իմ հայրենիքից հեռանամ:

Օրվա խնդիր է, այդ մարդկանց համոզեք, որ սա է քո հայրենիքը: Այսօր մարդկանց բողոքելու, հացադուլ անելու վրա աչք ենք փակում, բայց ասում ենք՝ 30 տարի հետո 5 մլն մարդ կլինի Հայաստանում, 30 տարի հետո խրախուսելու ենք հայրենդարձությունը, այսօր կանխե՛ք արտագաղթը, որ կարողանաք հայրենադարձություն անել»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: