«Եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների». Գորբաչովը մեկնաբանել է հակամարտության սրումն Արցախում

20:49 • 27.09.20

Խորհրդային միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը, հայտարարել է, որ եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, ապա դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների:

Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է РИА Новости-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ պետք է փորձել կարգավորել հարաբերությունները և համատեղ ելք փնտրել ճգնաժամից դուրս գալու համար, որոշումներն էլ պետք է բխեն երկու ժողովուրդների շահերից:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանա հաղթել, ապա ոչինչ չի լինի, և միայն բախումներ կլինեն երկար տարիներով: Իսկ այ եթե մտածեն այն մասին, որ կարգավորեն հարաբերությունները և որ ժողովուրդները չմնան այս ծանր վիճակում, պետք է համատեղ ջանքերով հետագա կարգավորման ուղի գտնել»,- ասել է Գորբաչովը:

Նա ընդգծել է, որ այդ ուղին պետք է գտնվի ոչ թե նրա հաշվին, որ ինչ-որ մեկն անդադար պետք է շահողի դերում լինի և գլուխ գովի, իսկ մյուս կողմը պարտվի:

«Պետք է խաղադրույք անել երկու ժողովրդի վրա, պետք է շփվել նրանց հետ, պետք է կենտրոնանալ այն գործում, որ երկու ժողովուրդն էլ պետք է շահող լինեն»,- նշել է Գորբաչովը:  

Նրա խոսքով՝ «իրավիճակը տարածաշրջանում լուրջ է, սակայն այդ հակամարտության լուծումը կարող է բխել միայն երկու կողմերի շահերից»:

«Եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների». Գորբաչովը մեկնաբանել է հակամարտության սրումն Արցախում