Մարտերում զոհված Ժորա Գևորգյանը տան ավագ որդին էր

21:18 • 30.09.20

Կոտայքի մարզպետարանն այսօր հայտարարություն էր տարածել, որ արցախա-ադրբեջանական սահմանագծում ընթացող մարտերի ընթացքում զոհված զինծառայողներից 3-ը Կոտայքի մարզից են: 

Մահացած երեք զինծառայողներից մեկը 2001 թվականին ծնված Ժորա Կարենի Գևորգյանն էր՝ Մեղրաձոր համայնքից:

Tert.am-ի հետ զրույցում Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մալյանը, նշում է, որ լուրը լսել է սրտի մեծ ցավով, Ժորային լավ է ճանաչում, քանի որ նրան 4-12-երորդ դասարանը դասավանդել է Պատմություն և Հայոց եկեղեցու պատմության առարկան:

«Ժորան մեր դպրոցի լավագույն սաներից մեկն էր, իր կարողությունների չափով էր սովորում, բայց պարկեշտ էր, միշտ հարգալից, երբևէ չեմ հիշում, որ իմ դասավանդման տարիների ընթացքում իրեն նկատողություն արած լինեմ և ամենակարևորը բարձր հումորի զգացողություն ուներ, անգամ վերաբերմունիք մեջ հարգանք ու եզակի խոնարհություն կար: Իր տարեկիցներին անհամապատասխան մարդկային և մեծ մարդ լինելու զգացողությամբ էր օժտված, միշտ նշում էի, որ նրա նվիրվածությունը և հարգանքը իրեն մեծ հաջողությունների կհասցնի»,- հիշում է ուսուցչուհին:

Ուսուցչուհին նշեց, որ Ժորան պարապում էր մաթեմատիկա առարկա, ուզում էր պոլիտեխնիկական կրթություն ստանալ, սակայն, երբ եկավ ծառայելու տարիքը, պարապմունքները թողեց, ծառայությունից հետո շարունակելու նպատակով: Դպրոցում, որպես վարորդ, ծառայություններ էր մատուցում, ուսուցիչներին ու աշակերտներին. «Ես չեմ կարծում՝ մեկը գտնվի, որ նրա մասին կարողանա վատ բան ասել; Չափազանց համեստ չափված- ձևած տղա էր՝մեղմ ժպիտով: Տանը երեք երեխա էին՝ ինքը ավագն էր, ուներ մեկ քույր և եղբայր»,- նշեց Անահիտ Մալյանը:

Ժորա Գևորգյանի հոգեհանգիսը տեղի ունեցավ այսօր Մեղրաձորի Ս. Աստվածածին եկեղեցում:

Մարտերում զոհված Ժորա Գևորգյանը տան ավագ որդին էր