Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ, վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավականին շատ վիրավորներ. Արթուր Սարգսյան (տեսանյութ)

10:53 • 02.10.20

Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը՝ օգտագործելով զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ. այսօր ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:

Նա նշեց, որ մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը և անձնակազմի քանակը աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններում: Նրա խոսքով` գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծությունները շարունակվել են անընդմեջ:

«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղությամբ խմբավորումները ղեկավարվում են արաբերեն:

Երեկ հակառակորդը կորցրել է՝ 39-ը զրահատեխնիկա, 4 ՍՈւ -25  ինքնաթիռ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ 830 կարգի է: Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:

Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ, վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավականին շատ վիրավորներ»,- նշեց Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը մինչ այս խոցել էր հակառակորդի 11 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ, վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավականին շատ վիրավորներ. Արթուր Սարգսյան (տեսանյութ)