Հոգատար է յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, դատարկ ձեռքով երբեք զորամաս չի մտնում. Արցախի հերոս, «Եղնիկների» արծիվ Կարեն Ջալավյանի մասին պատմում են զինվորները (տեսանյութ)

23:37 • 02.10.20

Պատերազմի ու խաղաղության հերոս Կարեն Ջալավյանը, կամ ինչպես իրեն ասում են՝ «Քյոխը», Արցախի ազգային հերոսի կոչում ստացավ հենց մարտերի ընթացքում: 20 տարի առանց արձակուրդի, զինվորի հոգսով ու զինվորի կողքին. կյանքը բանակին նվիրած հրամանատարը հերոս է ամեն օր:

Քչախոս ու համեստ հրամանատարի խստության մասին բոլորը գիտեն: Բայց նրա բարությունից ու սրտացավությունից ավելի շատ են խոսում:

«Տպավորություն էր, որ կարծես երկրորդ հայրդ լինի, որը պիտի երկու տարի խնամի քեզ», - ասում է նախկին զինծառայող Արտյոմ Տանանյանը:

Զինվորները զորացրվելուց հետո էլ հիշում են հրամանատարի հետ առաջին հանդիպումն ու նրա բոլոր արտահայտությունները: Հրամանատարի բոլոր խորհուրդները մտապահում են՝ մեկ մարդու նման:

«Հիշում եմ, երբ դեռ նորակոչիկ էի, առաջին անգամ հանդիպեցինք հրամանատարի հետ, ասաց միշտ հիշեք՝ հավատով կարող եք հաղթել թշնամուն». – ասում է նախկին զինծառայող Տիգրան Հովհաննիսյանը:

Բանակի ու հայրենիքի մեծ նվիրյալը հոգատար է յուրաքանչյուր զինվորի նկատմամբ: Զինվորները հիշում են, որ դատարկ ձեռքով երբեք զորամաս չէր մտնում: Ասում են՝ միշտ գալիս էր քաղցրավենիքի տոպրակներով:

«Երբ մտնում էինք հրամանատարի սենյակ ու սեղանին շոկոլադ էր լինում, ասում էր՝ շոկոլադ վերցրու: Դե դու ուղղակի զինվոր ես, պարզ է՝ ամաչելով ասում ես՝ չէ, պարոն գնդապետ, շնորհակալ եմ, չեմ ուզում, խիստ տոնով նորից էր կրկնում՝ շոկոլադ վերցրու: Դե արդեն պիտի վերցնեիր», - ասում է Արտյոմ Տանանյանը:

Դիրքերում էլ ուրց տեսնելիս քաղում է, ու զինվորներին հիշեցնում թեյի օգտակարության մասին:
«Իր ձեռքով ուրց էր հավաքում դիրքերում ու ասում, որ եթե ոչինչ չկա, սրանով կարելի է թեյ պատրաստել», - հիշում է Տիգրան Հովհաննիսյանը:

Ջալավյանի նախկին զինվորները պատմում են, որ հրամանատարը տուն է գնում միայն կիրակի օրերին: Եթե այդ ընթացքում հեռախոսին զորամասից զանգ է գալիս, կայծակի պես հասնում է զորամաս: Հրամանատարի սենյակի լույսը վառվում է գրեթե ամբողջ գիշեր: Նույնիսկ իր երեխայի ծնվելու լուրը նրան տուն չի ուղարկել:

«Բոլորն ասում էին, որ գնդապետի երեխան ծնվել է, բայց նա մեզ հետ էր, տուն չէր գնում: Ու ես զարմանում էի, որ հայ տղամարդը կարող է իմանալ, որ երեխան ծնվել է ու չգնալ: Հրամանատարը սպասեց, ինչպես միշտ, կիրակի օրվան, հետո գնաց երեխային տեսնելու», - պատմում է Արտյոմ Տանանյանը:

Կարեն Ջալավյանը 18 տարեկանից բանակում է, 90-ականների պատերազմից էլ սահմանին է: 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մոր համահավաք ստորաբաժանումը Ջալավյանի հրամանատարությամբ Թալիշի ուղղությամբ 10 դիրք է ազատագրվել:

Մանրամասները՝ տեսանյութում:


Անի Սողոյան