«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն

10:03 • 02.10.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, գրում է eadaily.com գործակալությունը: 

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։