Ավելի քան 300 իսլամիստ-գրոհային Թուրքիայից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մենք հաստատում ենք, որ դա ապացուցված փաստ է. Մակրոն

06:57 • 02.10.20

Ավելի քան 300 իսլամիստ-գրոհային Թուրքիայից` Գազիանթեփից, տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է: Այս մասին ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նշել՝ Ռուսաստանը ևս նման տեղեկատվության է տիրապետում:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Մակրոնը հայտնել է, որ մշտական կապի մեջ է գնտվում Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով և նրանց հետ համատեղ խաղաղ գործընթացներ են նախապատրաստում:

«Կարող եմ հայտարարել, որ Հալեպի շրջանից տարված սիրիացի ավելի քան 300 իսլամիստ-գրոհային թուրքական Գազիանթեփի տարածքով տեղափոխվել է ԼՂ հակամարտության գոտի: Սա ապացուցված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, բոլորը կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Ես քննարկել եմ այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է՝ Ռուսաստանի նման տվյալների ևս տիրապետում է»,- գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մակրոնը: