Հս. Ամերիկայի հայազգի կինոգործիչները կոչ են արել իրազեկել բոլորին ԼՂ շուրջ իրավիճակի մասին և գումար հանգանակել Հայաստանի և Արցախի համար (տեսանյութ)

10:58 • 07.10.20

Հյուսիսային Ամերիկայի՝ ազգությամբ հայ կինոգործիչներն ու արտիստները Հայկական կինոընկերակցության հետ համատեղ ստեղծել են տեսաուղերձ, որի նպատակն է բարձրացնել ներկայում Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև գումար հավաքել հանուն նրանց, ովքեր այժմ կռվում են հալածանքի:

«Հայաստանը հարձակման է ենթարկվում: Լինելով հպարտ հայ ֆիլմարտադրողներ, դերասաններ, գրողներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, վավերագրական ֆիլմերի հեղինակներ, կատակերգուներ, երաժիշտներ, երգահաններ, պարողներ, որոնք արարում են և ոչ թե ավերում, մենք կանգնած ենք Արցախում մեր քույրերի և եղբայրների կողքին: Այժմ մենք դիմակայում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումներին: Այսօր մենք ականատեսն ենք ցեղասպանության, որը սկսել է Թուրքիան ավելի քան հարյուր տարի առաջ: Հայ զինվորներն այժմ պայքարում են հանուն խաղաղության, սակայն դուք միայնակ չեք: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում յուրաքանչյուր հայ ձեր կողքին է»,- ասվում է ուղերձում:

Նրանք կոչ են արել չլռել, գործել, տարածել լուրեըը, իրազեկել բոլորին և հատկապես օտարազգիներին, դիմել տեղական կառավարությունների և Կոնգրեսին:

«Բարձրաձայնե՛ք անարդարության մասին: Գումար հանգանակեք Հայաստան համահայկական հիմնադրամին: Սա միայն հայկական խնդիր չէ, սա համամարդակային իրավունքի խնդիր է»,- ասել են մշակույթի գործիչները, որոնց թվում են Արսինե Խանջյանը, Քեն Դավիթյանը, Հայկակ Արշամյանը, Էրիկ Նազարյանը, Սև Օհանյանը, Փրինս Բաղդասարյանը, Վահե Բերբերյանը, Արա Վոլանդը, Քրիս Հաջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: