Պետք է ակտիվանան բանակցությունները, այս ուղղությամբ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում. Մուրադ Փափազյան

20:31 • 07.10.20

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով` այս օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը հայամետ է:

Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ Մակրոնը հստակ ընդունել է, որ հարձակումը սկսել է Ադրբեջանը, ճանաչել է, որ Թուրքիան 400 ջիհադիստներ է Ադրբեջան տեղափոխել, և որ Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է ռազմական գործողություններին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արդեն հանդես են եկել խաղաղության կոչերով: Ադրբեջանն է, որ չի ցանկանում խաղաղության կոչերը լսել: Դա հստակ է բոլորի համար»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` իրենք շարունակում են աշխատել, որ Ֆրանսիայում հայամետ տրամադրությունները պահպանվեն: Նա հիշատակեց, որ 73 պատգամավորներ, քաղաքական անձինք ստորագրել են Արցախին իրենց աջակցությունը հայտնող տեքստի տակ:

«Լրատվամիջոցներն արձագանքում են մեր նախաձեռնություններին` մշտապես հիշատակելով, որ հարձակվողը ադրբեջանցիներն են, իսկ հայերը խաղաղություն են փնտրում: Պարզապես հիմա դիմադրում են»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նկատեց, որ դժվար է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմելը, ճիշտ կլիներ, որ բանակցություններ լինեին: «Բայց մինչև բանակցություններն սկսվեն, գտնեն հակամարտության լուծման տարբերակը, պատերազմը շարունակվում է, և եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն շարունակել, առանց լսելու դիվանագիտական կոչերը, կարող է շատ վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, Արցախի այլ նաև` տարածաշրջանի համար,- ասաց նա` նշելով, որ իրենք հստակ նշել են, որ Հայաստանի և Արցախի զինվորը ոչ միայն Արցախի և Հայաստանի անվտանգությունն է պաշտպանում, այլ նաև` տարածաշրջանի ժողովրդավարությունը,- հայերը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարական արժեքները»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է իրեն դրսևորի Հայաստանը, ապա ըստ Մուրադ Փափազյանի՝ շատ դժվար է ասելը: Նա նշեց, որ Հայաստանը հիմա պաշտպանում է համահայկական, հայազգային արժեքներն ու շահերը: «Այսօր համահայկական միասնականություն ենք որդեգրել, մենք` հայերս, ամբողջ աշխարհում աշխատում ենք հանուն Հայաստանի, Արցախի բնակչության»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` լավ կլինի,  որ Ռուսաստանն էլ միջամտի, հասկանա, որ շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ այս պատերազմը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է որոշեն` երբ է անհրաժեշտ լինելու զորքեր ուղարկել տարածաշրջան, որ ստիպեն խաղաղություն»,- ասաց նա:

Նա նաև դժվարացավ ասել, թե ինչպես պետք է լինի հետո, բայց նկատեց, որ հայ ժողովուրդը ստիպված է դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: «Հիմա ռազմական դիմադրությամբ են խաղաղության նախապատրաստում: Այնքան ուժեղ պետք է լինենք ռազմի դաշտում, որ կարողանանք պահանջել խաղաղություն»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ` պետք է նաև հաշվի առնել, որ ռազմաճակատ է ոչ միայն բուն պատերազմի դաշտը, այլ նաև` տեղեկատվական դաշտը: «Պատերազմական դաշտեր են, որ մենք գրավում ենք Ադրբեջանի դեմ պայքարում»,- ասաց նա`  նշելով, որ ամեն տեղ պետք է հասնենք նրան, որ հասկանան, որ մենք` հայերս, ժողովրդավարական արժեքներն ենք պաշտպանում` ի տարբերություն նրանց` ադրբեջանցիների:

Խաղաղություն հաստատվելն ու բանակցություններին վերադառնալը, ըստ Մուրադ Փափազյանի, այլընտրանք չունեն, բայց այդ դեպքում, նրա կարծիքով, հայկական կողմը պետք է պնդի, որ Արցախը վերադարձվի բանակցային սեղան։

«Պետք է ակտիվանան բանակցությունները, և այս ուղղությամբ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում: Մակրոնն է հայտարարել, որ պետք է վերսկսել բանակցությունները, որ արագորեն լուծման հասնենք»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան