Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելը ռիսկային է, այդ երկրում վերջերս օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են. տնտեսագետ (տեսանյութ)

20:04 • 10.10.20

Եթե մենք դիտարկենք Ադրբեջանի տնտեսությունը, ապա տնտեսագիտական որևէ կանոնի չի ենթարկվում, մենք գործ ունենք թերզարգացած տնտեսական կառուցվածքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի տնտեսությունն իրենից ներկայացնում է միայն նավթի և գազի արդյունահանում և վաճառք: Նրա խոսքով՝ 48 միլիարդ դոլարի ՀՆԱ-ի 40 տոկոսը միայն նավթի ու գազի արտահանումից է, իսկ տնտեսության մյուս ճյուղերը պարզապես առնչվում են այս ոլորտի հետ: Տնտեսագետի գնահատմամբ՝ այնպես չէր, որ մինչև այժմ Ադրբեջանի տնտեսությունը զարգացման ճանապարհին էր, իսկ պատերազմը պարզապես խոչընդոտ է:

«Այսինքն՝ մեծ հաշվով նույնիսկ մինչև այս պատերազմը չկային այնպիսի ռեսուրսներ, որոնք տնտեսության զարգացմանը պետք է ուղղվեին, որովհետև իրականում այն ֆոնդերը, որոնք ձևավորվել են նավթի վաճառքից, մեր հետազոտությունները և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծախսվել են զենք-զինամթերք ձեռք բերելու համար և նախապատրաստվել են պատերազմին, մի մասն էլ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից գողացվում է»,- ասաց  տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի թերզարգացած տնտեսության մեջ այս պատերազմը իր հետքը թողնելու է և արդեն զգացնել է տալիս: Հայաստանն ունի մոտավոր թվեր, թե որքան արժեցավ պատերազմը Ադրբեջանի համար, սակայն այդ թիվը դեռ շարունակում է աճել, քանի որ Հայաստանի զինված ուժերը շարունակում է ոչնչացնել կամ առգրավել Ադրբեջանի ռազմամթերքը:

«Այն երկրները, որոնք հիմնական զենքի մատակարարն են մեր թշնամի պետությանը՝ Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նավթի արդյունահանումն այդ երկրներ վերջին 2 պատերազմի նախօրեին պատիկներ անգամ ավելանում է, այսինքն՝ պատիկներ անգամ ավելի շատ զենք են ձեռք բերել և դրա հիմնական մասը ոչնչացվել է կամ ոչնչացվում է»,- ասաց Թադևոսյանը:

Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելն արդեն ռիսկային է, և վերջերս օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են՝ նկատում է տնտեսագետը: Պատճառը պարզ է, քանի որ 2 հիմնական ուղղության՝ նավթի ու գազի արդյունահանման ոլորտներում ներդրումներն արդեն կատարված են:

«Մյուս ոլորտները չեն զարգանում, քանի որ չկա արդյունավետ ներդրումային միջավայր և աշխարհաքաղաքական բարձր ռիսկերի պարագայում ուղղակի չեն գոյանում օտարերկրյա ներդրումները: Իսկ նավթի ու գազի ոլորտում շատ կարևոր է արձանագրել, որ պատերազմ հրահրելով և սադրելով, այդ երկիրը իր ողնաշարը համարվող հիմնական տնտեսական ուղղության կայուն գործարկումը դնում է հարվածի տակ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։