«Բոլոր կողմերից հնչող հրադադարի կոչերը բախվում են Թուրքիայի աջակցությամբ ոգեշնչված Ադրբեջանի մերժմանը». Կոնստանտին Զատուլինը ներկայացրել է Լազարյան ակումբի հայտարարությունը (տեսանյութ)
Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոստանտին Զատուլինը, ելույթ ունենալով Ռուսաստանի հայերի միության VI համագումարի ժամանակ, ներկայացրել է ռուս-հայկական միջազգային Լազարյան ակումբի հայտարարությունը ԼՂ-ում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ:
«Շարունակվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Մարդիկ են մահանում, ռմբակոծության են ենթարկվում ռազմաճակատից հեռու գտնվող քաղաքներն ու գյուղերը: Կանգ առնելու, հրադադարի կոչերը, որ հնչում են բոլոր կողմերից, բախվում են Թուրքիայի աջակցությամբ ոգեշնչված Ադրբեջանի ղեկավարության կտրուկ մերժմանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, առաջ ընկնելով Բաքվի իր կրտսեր գործընկերոջից, մերժել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը պատերազմին վերջն դնելու և բանակցությունների անցնելու մասին»,- ասել է Զատուլինը՝ ընթերցելով Լազարյան ակումբի հայտարարությունը:
Վերջինս հավելել է, որ Լազարյան ակումբը ևս դրամահավաք է իրականացնում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ հավաքված միջոցները կուղղվեն Արցախի բնակչության կարիքներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










