«Ադրբեջանի ընդդիմադիր գործիչները պատերազմ մղելու կոչերով ավելի ծանր վիճակի մեջ են դնում Ալիևին. նա մի կողմից առաջնագծում չունի շոշափելի հաջողություններ, մյուս կողմից էլ՝ հետադարձի տեղ». Արտյոմ Տոնոյան

13:48 • 13.10.20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվել է պարադոքսալ իրավիճակում. թե՛ առաջ գնալն է դժվար, թե՛ նահանջի տեղ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին:

Տոնոյանի խոսքով՝ այնտեղ կան մի շարք խնդիրներ, որոնք իշխանությունների կողմից ճնշվում են՝ օգտագործելով նաև ռազմական դրության տված հնարավորությունը, որի պարագայում քաղաքացիները ավելի շատ են սահմանափակված իրենց գործողություններում:

«Կան խնդիրներ, որոնք ինչ-որ պահի կարող են արտահայտվել: Դրանք վերաբերում են և՛ ընդհանուր առմամբ այդ երկրի բռնապետական համակարգին, և՛ հասարակական տարբեր շերտերին. օրինակ՝ սոցիալական արդարության  հետ կապված խնդիր կա՝ հաշվի առնելով, որ առաջնագծում սպանվում են Ադրբեջանի՝ հիմնականում սոցիալական ցածր խավերի ներկայացուցիչները, իսկ այդ հարցն Ադրբեջանում տասնամյակներով կա, ինչը փորձում են ճնշել՝ ներկայացնելով, թե սպանվում են, բայց արդյունք կա»,-ասաց արևելագետը՝ նշելով, թե հասարակության մոտ գալու է գիտակցումը, որ սպանվել են առոչինչ, ինչն էլ բերելու է այդ բոլոր խնդիրների՝ ամբողջ ծավալով երևան գալուն:

Նրա խոսքով՝ Ալիևը նաև խաղում է հուզականության վրա, ինչի պարագայում որոշակիորեն սահմանափակվել է նաև ներքաղաքական լարվածության հնարավորությունը, սակայն, ըստ Տոնոյանի, ամեն ինչ կախված է սահմանագծից, և Ադրբեջանի իշխանության առաջին իսկ նահանջի կամ քաղաքական նպատակի չկատարման և համապատասխան քաղաքական շրջանակների կողմից դրա ֆիքսման պարագայում տեղի է ունենալու ճիշտ հակառակ գործընթացը, և ամբողջը շուռ է գալու այսօրվա գործող իշխանության դեմ:

«Վերջիններիս հաջողվել է պատերազմի առաջին օրերին որոշակի ներքաղաքական կայունություն ստանալ՝ ի հաշիվ կուսակցությունների՝ իշխանությունների պատերազմական քաղաքականությանն աջակցելու: Դա առայժմ պահպանվում է, սակայն տեսանք այդ կայունության խախտումը հոկտեմբերի 10-ին, երբ  հումանիտար հրադադարի մասին փաստաթուղթ ստորագրվեց: Ռազմական դրության ժամանակ իրենց որդեգրած քարոզչական մեթոդաբանությունը հիմնված է նրա վրա, որ պետք է բավականին արագ և որոշակի խմբաքանակներով հաղթարշավային տրամադրություններ ուղղորդել հասարակությանը, ինչը մասամբ հաջողվել է իրենց նախագահի «թվիթների» և այլնի միջոցով»,-ասաց Տոնոյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչները շատ լավ հասկանում են, որ այսօր հնարավորություն ունեն վերցնել իշխանությունը, իսկ այդ հնարավորությունը կլինի, եթե Ալիևը առաջնագծում հաջողություն չունենա, և տապալվեն նրա դրած նպատակները:

«Դա հասկանալով՝ ընդդիմադիրները ոչ թե քննադատում են սկսած ռազմական գործողությունները, այլ հայտարարում են, թե պատերազմը պետք է մղել մինչև վերջ, չգնալ բանակցության, որևէ փաստաթղթի ստորագրման, մինչև, իրենց եզրաբանությամբ, «ազատագրված» կլինի ամբողջ տարածքը: Այս քարոզչությամբ շատ ավելի ծանր վիճակի մեջ են դնում երկրի գործող նախագահին, որովհետև վերջինս, մի կողմից չունենալով շոշափելի հաջողություններ առաջնագծում, մյուս կողմից էլ չունի հետադարձի տեղ: Նրա ցանկացած կանգառ օգտագործվելու է իր դեմ»,-ասաց արևելագետը:

Տոնոյանը նաև անդրադարձավ Ադրբեջանում համացանցի հետ կապված խնդիրներին՝ նշելով, թե դրանք դժգոհություններ են առաջացրել որոշակի շրջանակներում: «Դա հիմնականում առկա է լրագրողների ու քաղաքականապես ակտիվ հատվածի մոտ, որոնց կարծիքով՝ իշխանությունների՝ համացանցի սահմանափակման քաղաքականությունը սխալ է և պետք է արագ վերացվի, որ մարդիկ տեղեկացված լինեն ու կարողանան արձագանքել հայկական քարոզչությանը: Սովորական օգտատերերի պարագայում այս դժգոհությունը վերաբերում է առհասարակ ինֆորմացիա ստանալուն»,-ասաց Արտյոմ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։