Վարձկան ահաբեկիչներն արհեստավարժ կռվողներ չեն, նրանք վախկոտ են, մարտի են գնում ոհմակով՝ թմրանյութի ազդեցության տակ. Վազգեն Սիսլյան (տեսանյութ)

13:57 • 13.10.20

Ադրբեջանի կամ Թուրքիայի նպատակները մեզ հայտնի են, նրանց քաղաքականությունը պարզ է՝ հարվածել մեզ, երբ անգամ հրադադար է. Ադրբեջանն այսօր Արցախի քաղաքներն է ռմբակոծում, մեր խաղաղ բնակիչներին է ոչնչացնում, և զարմանալի է քաղաքակիրթ աշխարհի կեցվածքը կամ երկու կողմին ուղղված նրանց անբարո կոչերը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը:

«Մեր ամբողջ ժողովուրդն այսօր բանակ է: Սա ամենալայնածավալ պատերազմն է 1994-ից ի վեր: Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են ոչնչացնել Արցախը, դատարկել մեր գյուղերն ու քաղաքները: Մարդասիրական Եվրոպան մեզ մարդու իրավունքներ է սովորեցնում, բայց չի տեսնում՝ ինչ է կատարվում այսօր Արցախում»,- ասել է ազատամարտիկը:

Ըստ Սիսլյանի՝ Թուրքիայի ուղղորդմամբ Ադրբեջան մեկնող վարձկան ահաբեկիչներն արհեստավարժ կռվողներ չեն, նրանց հավաքագրում են փախստականների ճամբարներից. «Այդ ահաբեկիչները զգացին հայ մարտիկի բազկի ուժը: Նրանք վախկոտ են, ոհմակներով են կռվի գնում`թմրանյութի ազդեցության տակ, ձայնագրություններն ապացուցում են դա: Այսքան բանից հետո միջազգային հանրությունը դեռ ապացույցներ է ուզում: Մեր բանակը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի, այլև նեոօսմանական կայսրության դեմ, ինչից վառվելու է ամբողջ տարածաշրջանը»:

Ռազմական գործչի կարծիքով՝ չի կարելի վստահել Թուրքիային, այդ պետության նպատակը նույնն է՝ ոչնչացնել, աշխարհի երեսից ջնջել հայ ժողովրդին. «Այս պատերազմում Ադրբեջանը Թուրքիայի պատանդն է, օդուժը՝ ինքնաթիռներն ու ԱԹՍ-ները, ղեկավարվում է Թուրքիայից: Ե՛վ թուրքական սպայակույտը, և՛ ցամաքային զորքերը, շարասյուներն Ադրբեջանում են: Ռուսաստանն ու Իրանը պիտի մտահոգվեն, ինչ-որ բան անեն, նրանց քայլերը դեռևս սպասողական են: Այսօր Արցախը միայնակ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Թուրքիան ահաբեկչական պետություն է»:

Վազգեն Սիսլյանի պնդմամբ՝ մինչ ԱՄՆ-ն պայքարում է «Իսլամական պետության» դեմ, ահաբեկիչները Թուրքիայի ուղղորդմամբ գործում են Սիրիայի, Լիբիայի, հիմա արդեն՝ Ադրբեջանի տարածքում. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վառոդի տակառի վրա գտնվող Ադրբեջանը շուտ պայթեցնենք: Այդ երկիրը երբևէ չի կարող տիրանալ Արցախին: Ազգային փոքրամասնությունների հետ է պետք աշխատել, իրենք ներսում խնդիրներ ունեն, որոշ տեղերում ըմբոստանում են, չեն ուզում իրենց որդիներին ուղարկել ճակատ: Եկել են, պիտի ջարդվեն ու հետ մղվեն»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ կարևոր է մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը, հասունացել է Արցախի ճանաչման պահը: «Ե՛վ մենք, և՛ միջազգային հանրությունը պետք է ճանաչենք Արցախը, այս պատերազմն է բերել դրան: Մեր վերջնական հաղթանակը դա է լինելու: Մենք պետք է Արցախի բնակչությունը հասցնենք կես միլիոնի: Հաղթում ենք 150 հազարանոց բնակչությամբ Արցախով, կես միլիոնով այն ավելի կամրապնդի իր հաղթանակը»,- ամփոփել է ռազմական գործիչը:

Դավիթ Սարգսյան