Պայթող արկերի թիկունքից՝ առաջնագծի համար․ աշխատում են կամավորները (տեսանյութ)

18:49 • 13.10.20

Հայերի մասին հայտնի խոսք կա՝ «խաղաղության ժամանակ արտագաղթում են, պատերազմի ժամանակ հայրենադարձվում»։ 62-ամյա Սանասար Թևոսյանն էլ, լսելով Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին,  արագ հավաքվել է ու առաջին իսկ չվերթով Ռուսաստանից ուղևորվել Արցախ։ Հասնելուց հետո թույլ չեն տվել առաջնագիծ գնալ՝ տարիքի պատճառով։ Ինքն էլ որոշել է անգործ չմնալ։ Արցախի կարի արտադրամասերից մեկում կամավոր է։

«Խաղաղության ժամանակ թողնում, հեռանում ենք, ու պատերազմի ժամանակ համախմբվում,  գալիս ենք։ Միակ ելքը հաղթանակն է, պիտի հաղթենք, ինչ գնով լինի, պիտի հաղթենք, էն ժամանակ չարեցինք, հիմա պիտի անենք»,- ասաց Սանասար Թևոսյանը:

Այս արտադրամասում կարի մեքենաների շարժիչների ձայնը չի դադարել սեպտեմբեի 27-ից։ Կարում են քնապարկ ու զրահաբաճկոն։ Մեկը չափում է, մյուսը՝ ձևում, երրորդը՝ կարում։ Արցախից հեռանալ չեն պատրաստվում։

«Մտքովս չի էլ անցել, որ կարող եմ թողնել ու գնալ։ Չէ ու վերջ։ Երկիրս է, դրա համար»,- ասաց կամավորներից մեկը։

Վիկտորիայի ամուսինն էլ կամավոր է։ Պատերազմի առաջին օրվանից մեկնել է ռազմաճակատ։ Առ այսօր նրա հետ չի խոսել։ Ամուսինը մարտական ընկերների միջոցով է լուր ուղարկել, ասել է՝ լավ է։ Խնդրել է հույսով սպասել ու վստահ լինել, որ  հաղթելու ենք։

 «Ոնց սկսել են, մինչև վերջ շարունակեն, ու իմանան, որ տանն իրենց սպասող կա, էն ինչ մենք զգացինք էս տասը օրվա մեջ, աննկարագրելի է, երեխաներիս տարել եմ, նորից հետ եմ եկել: Զինվորները մեզ պաշտպանում են, մենք էլ իրենց համար աշխատում ենք»,- ասաց Վիկտորիա Ավագյանը։

Այստեղ աշխատանքը չի կանգնում։ Կամավորներն էլ երկար խոսել չեն ուզում, ամեն րոպեն կարևոր է, ամուր զրահաբաճկոնն ու տաք քնապարկը վայրկյան առաջ պիտի հասնի առաջնագիծ։

Մանրամասսները՝ տեսանյութում: