«Անկարայի մասնակցությունը ԼՂ բանակցություններին կործանիչ կլինի»․ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում նշել է, որ Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններին, հաշվի առնելով այդ երկրի աջակցություն Բաքվի դիրքորոշմանը, չի նպաստելու հարցի խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ Թուրքիան կարող է սրել իրավիճակը։
«Իմ կարծիքով՝ այս ձևաչևաչափը կործանիչ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար։ Ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների մայրաքաղաքների՝ Անկարայի մասնակցությունն այս ձևաչափում ավելորդ է, քանի որ այն Բաքվի նույն դիրքորոշումն է կրկնում։ Հետևաբար՝ բանակցություններում նրանց մասնակցության որևէ հավելյալ անհրաժեշտություն չկա, քանի որ այն հետագայում կնպաստի հակամարտող կողմերի մոտցումների ծայրահեղականացմանը: Իսկ Ռուսաստանի և Մինսկի խմբի նպատակը, ընդհակառակը, այդ դիրքորոշումները մոտեցնելն և ծայրահեղականությունից հրաժարվելն են»,- նշել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ ԼՂ հակամարտության սրման ֆոնին Բաքուն և Անկարան ակտիվ հայտարարում են, որ Թուրքիան պետք է տեղ զբաղեցնի ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










