«Պատերազմական իրավիճակում ի՞նչ հաճախորդ». BBC-ն պատմել է այս օրերին Ստեփանակերտում գործող միակ սրճարանի մասին (տեսանյութ)

09:52 • 15.10.20

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի 63-ամյա բնակիչ Բորյան իր սրճարանը բացել է 20 տարի առաջ: Ներկայում ծավալվող ռազմական գործողությունների ֆոնին այն գրեթե միակ բաց սրճարանն է քաղաքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Արցախցու խոսքով՝ այս օրերին իր բոլոր հաճախորդները հիմնականում լրագրողներն են:

«Պատերազմական իրավիճակում ի՞նչ հաճախորդ, միայն լրագրողներն են: Այստեղ մոտակայքում ապաստարան կա: Երբ տագնապի ազդանշան է միանում, գնում ենք այնտեղ: Այսօր մի փոքր հանգիստ էր. տագնապը կար, սակայն ռմբակոծություն չեղավ»,- պատմում է Բորյան:

Սրճարանի սեփականատերը նշել է, որ իր բոլոր թոռներն այժմ դիրքերում են, իր եղբայրների 8-9 որդիները նույնպես դիրքերում են: Առայժմ բոլորի հետ ամեն ինչ կարգին է, միայն կրտսեր թոռից 6-րդ օրն է տեղեկություն չունեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։