Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրա
Իսրայելում մոտ 20 ադրբեջանցի մահակներով և քարերով հարձակվել է խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրանը:
«Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- ասաց Հայր Տիրանը:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը նշեց, որ միջադեպի ընթացքում ադրբեջանցիների կողմից պատճառվել է 5-10 հազար դոլարի գույքային վնաս:
«Մեքենաներից մեկը, որն ամենամեծ վնասն է կրել, որովհետև առջևից գնացողն է եղել, որի մեջ եղել են նաև կին և երեխա, մոտ 5-10 հազար դոլարի վնաս է կրել ադրբեջանցիների հարվածների արդյունքում»,- նշեց նա:
Հայր Տիրանը հավելեց, որ բախման ընթացքում դեպքի վայր է ժամանել Իսրայելի ոստիկանությունը, որը ձերբակալել է սադրանքը հրահրած ադրբեջանցիներից մի քանիսին:
Ավտոերթի մասնակիցների վրա հարձակված անձինք եղել են Ադրբեջանի դրոշներով:
Հոկտեմբերի 17-ին ակցիայի մասնակիցներն Իսրայելի Հայֆա քաղաքից ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Կնեսետի շենք՝ ի նշան բողոքի ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Ակցիային մասնակցել են նաև տեղացի հրեաներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ։










