Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակն Արցախում

22:06 • 17.10.20

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

«Լավրովը շեշտել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված համատեղ հայտարարության արդիականության պահպանումը: Զրույցների ընթացքում ընդգծվել է նախարարների հոկտեմբերի 10-ին արած մոսկովյան հայտարարությունների դրույթներին խստորեն հետևելու անհրաժեշտությունը, որով նախատեսվում է դադարեցնել կրակը մարդասիրական նպատակներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և բազային սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ սկսելու մասին ձեռք բերված պահմանավորվածությունների կարևորությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։