«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, թուրքական սադրանք է, որը նախապես մտածված և ծրագրված է». Իսրայելցի փորձագետը մեկնաբանել է Էրդողանի նկրտումները

20:18 • 18.10.20

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր Соловьёв LIVE յութուբյան հաղորդման շրջանակներում իսրայելցի քաղաքագետ, փորձագետ Յակով Քեդմին վերլուծել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն՝ անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր քայլերին և Էրդողանի նկրտումներին:

«Ռուսաստանն ունեցել է և ունի բոլոր խաղաքարտերը, որ իրավիճակը զարգանա առավել կառուցողական կերպով, քան ներկա պահին: Ռուսաստանը դրանք չի օգտագործում: Իսկ այն, թե ինչ է անում Էրդողանը, նա չափազանց շատ հակամարտությունների մեջ է ներքաշվել: Իսկ թուրքական տնտեսությունը շատ վատ վիճակում է: Իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա Լեռնային Ղարաբաղում, անկասկած թուրքական սադրանք է, որը նախապես մտածված և ծրագրված է»,- կարծիք է հայտնել դիվանագետը:

Սոլովյովն, իր հերթին, շեշտել է, որ ռուսական դիվանագիտությունը համապատասխան պատասխան չի տալիս Թուրքիային: «Այժմ Թուրքիան հանդգնում է սպառնալ մեզ Ուկրաինայով, և մի՞թե մենք չենք կարող որոշում կայացնել Դոնբասի հարցով»,- նշել է Սոլովյովը:

Քեդմին կարծիք է հայտնել, որ նախօրեին հայտարարված հրադադարը կպահպանվի, հակամարտությունը կդադարի և բանակցությունները կշարունակվեն:

Անդրադառնալով Իսրայելում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկացվածությանը՝ Քեդմին նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցն իսրայելցիներին հետաքրքրում է այնքանով, որ տեսնեն, թե ինչքան կարող է առաջ գնալ Թուրքիան: Ըստ փորձագետի՝ «իսրայելական հետախուզության տվյալներով՝ Թուրքիան Իսրայելի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Իրանը»:

Վերջինս հավելել է, որ Էրդողանը մեծ ցանկություն ունի վերականգնել երբեմնի կայսրությունը և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։