Զոհված զինծառայող 18-ամյա Վազգենը մինչ բանակ զորակոչվելը հասցրել էր սեփական բիզնեսը հիմնել, արդեն որոշել էր՝ ինչպես է շարունակելու. պատմում է եղբայրը
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված Վազգեն Ղարիբյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանից էր: 18-ամյա հերոսը ամռանն էր զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Վազգենի եղբայրը՝ Դավիթը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբոր զոհվելու մասին իմացել են հոկտեմբերի 4-ին:
«Մինչ այդ զրույցում էինք իր հետ, մարտական էր տրամադրված, ոչնչից չէր դժգոհում, անգամ չէինք պատկերացնում, որ նման բան կլիներ»,-ասաց եղբայրը:
Նա պատմեց, որ Վազգենը հասցրել էր սեփական փոքրիկ բիզնեսը հիմնել՝ ծաղիկների ջերմոց ուներ, նպատակ ուներ մեծացնել այն: Արդեն որոշել էր՝ ինչպես էր շարունակելու աշխատանքը:
«Շատ նպատակասլաց էր, մեծ ձգտումներ ուներ: Հասակակիցներից շատ էր տարբերվում: Ընտրալ էր ուներ, միասին նպատակներ ունեին»,-պատմեց Դավիթը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










