Սկսում ենք նոր շարժում՝ «Համազգային շարժում 2․0», որը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
Դրամական բոլոր միջոցների օգտագործումը համակարգվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ, վստահեցնում եմ՝ այդ գումարները օգտագործվում են շատ կարևոր նպատակների, հումանիտար օգնության համար։ Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ հավելելով որ հիմնադրամի մասին ամբողջական հաշվետվություն կտրամադրվի Արցախում խաղաղության հաստատվելուց հետո:
Արշամյանը, դիմելով դրամահավաքին աջակցած անձանց, ընդծեց՝ կարևոր է այն հանգամանքը, որ հիմնադրամին աջակցելով՝ օգնում եք հումանիտար օգնության կազմակերպմանը և հնարավորություն եք տալիս այլ պետական միջոցները ծառայեցնել նպատակների համար։
Հայկակ Արշամյանը անդրադարձավ հաճախ հնչող այն հարցին, թե արդյո՞ք դրսում տեղական մարմինների կողմից հավաքած գումարները հասնում են հիմնադրամին և նշեց՝ մինչ այսօր հավաքագրված գումարի մեծ մասը արդեն հասել է հիմնադրամի հաշվին և օգտագործվում է: «Ուղղակի պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նվիրատվությունները երբեմն արվում են տարբեր կերպ՝ կանխիկ, անշարժ գույքի արժեթղթերի տեսքով և այն պահին, երբ այդ գումարները նյութականացվում են, տեղական մարմինների կողմից ուղարկվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Խնդրում եմ, կասկած տակ մի՛ դրեք մեր գործունեությունը, որը շատ լավ տեմպերով ընթանում է»,- մանրամասնեց Արշամյանը:
Նա տեղեկացրեց, որ սկսում են մի նոր շարժում, որն անվանել են «Համազգային շարժում 2․0», որը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան -Սփյուռք հարաբերությունները։ Նրա խոսքով՝ այն նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և ապահովվելու դրամական մշտական հոսք դեպի Հայաստան և Արցախ:
«Մենք պետք է մի բռունցք դառնանք, յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է լինելու: Շարժումը անվանել ենք՝ «50 պլյուս»: Այս սկսվել է Լոս Անջելեսում, Բելգիայում և այլ երկրներում: Այս 50-ը ողղակի սիմվոլիկ բնույթ ունի և դրանով մեծ թափ կհաղորդի այս դրամահավաքին: Սա կնպաստի Արցախի վերակերտմանը հաղթանակից հետո, եկեք միանանք, ուս-ուսի, թիկունք-թիկունքի տանք և փորձենք սարերը շարժել, ունենանք կայուն պետություն և հայրենիք, որը կծառայի բոլորին»,- եզրափակեց նա:










