Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմում է ներկայացրել Պետքարտուղարությանը՝ պահանջելով կասեցնել թուրքական անօդաչուների համար նախատեսված ամերիկյան բաղադրամասերի վաճառքը
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հրատապ դիմում է հղել ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ ապացույցներ ներկայացրելով առ այն, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչուները, որոնք ամերիկյան արտադրության բաղադրամասեր ունեն, մեծ թվով տեղակայվել են Ադրբեջանում և կիրառվել են հայ քաղաքացիական բնակչության դեմ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:
Նամակն ուղղվել է Պետքարտուղարության՝ զենքի արտաքին վաճառքի դիմումների հաստատմամբ և մերժմամբ զբաղվող բաժնի ներկայացուցիչ, պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերին:
«Այժմ հստակ է, որ Թուրքիան, արձագանքելով Անկարային զենքի վաճառքի արտոնագրերը կասեցնելու մասին Կանադայի որոշմանը, որը պայմանավորված էր Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական հարձակմանն աջակցելու հանգամանքով, փորձում է շրջանցել այդ արգելքը՝ խնդրելով ԱՄՆ-ին արագացնել իր Bayraktar TB2 անօդաչուների համար բաղադրամասերի վաճառքի հաստատումը:
Թուրքիայի խնդրանքը պետք է մերժվի, և ԱՄՆ-ն պետք է ընդհանուր արգելք հայտարարի Անկարային ամերիկյան ռազմական նշանակության իրերի վաճառքի նկատմամբ, քանի դեռ Անկարան նպատակադրված աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին:
Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը պետք է անմիջապես հետաքննի Զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի հնարավոր խախտումները»,- ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










