Կարևոր է, որ մեր հայրենակիցները կատարեն նվիրաբերություններ, որ սահմանում գտնվող զինվորները վստահ լինեն՝ իրենց ընտանիքները ֆինանսապես ապահով են. Ավետիքյան
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին և մի նպատակ ունի՝ ապահովվել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած զինվորների ընտանիքների ֆինանսական կայունությունը։ Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Նա տեղեկացրեց, որ շուրջ 4 տարիների ընթացքում ՀՀ յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ոք հիմնադրամին վճարել է ամսական 1000 դրամ և այս ընթացքում կուտակվել է 30 միլիարդ դրամ կամ շուրջ 60 մլն դոլար, որն ամբողջութամբ ուղվելու է այս պատերազմում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովվելու նրանց կանանց, ծնողների, և ընտանիքների արժանապատիվ կյանքը:
«Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից մեզ կատարեն նվիրաբերություններ, քանի որ, ցավոք սրտի, պատերազմը դեռ չի ավարտվել, մի օր ավարտվելու է մեր հաղթանակով, բայց մինչ այդ պայծառ օրը գա, սահմանում գտնվող քաջ տղաները և աղջիկները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքները ֆինանսապես ապահով են»,- ընդգծեց նա:
Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ հատուցումներ են տրամադրվում ինչպես զոհված, այնպես էլ վիրավորված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող և անհայտ կորած զինծառայողներին:
Նա նշեց, որ յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրվում են 58-82 մլն դրամ, որը դոլարով կազմում է 120-160․000 դոլար: Ըստ նրա՝ հատուցումները կատարվում են երկու կերպ՝ միանվագ՝ 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է և առաջին կարգի հաշմանդամություն ունի, և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, այնուհետև, յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր ընտանիքի համար բացվում է առանձնացված հաշիվ և փոխանցում 100-300 հազար դրամ: Ավետիքյանը նշեց՝ եթե զինծառայողը ունի երեք և ավելի երեխա, ապա տրվում է լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում:
Հիմնադրամի տնօրենը կրկին հիշեցրեց, որ նվիրատվություն անելու համար կարող են այցելել «1000+.am» կայքը, որը 2017 թվականից գործում է և հավաքագրել է ինչպես ամսական հազարական դրամները, այնպես էլ նվիրաբերությունները:
Վարուժան Ավետիքյանը նշեց, որ երեք շաբաթվա ընթացքում հավաքագրել են 4,5 մլն դրամ։ «Կոչս է ՀՀ-ի, Սփյուռքի հայրենակիցներին, գործարարներին՝ լինել առատաձեռն, որովհետև ձեր առատաձեռնությունը թույլ է տալու 20 տարի շարունակ նեցուկ լինել և ապահովագրական հատուցումներ տալ մեր զինծառայոցներին և նրանց ընտանիքներին»,-ընդգծեց նա:
Վարուժան Ավետիքյանը նաև նշեց որ սկսվել է մի նախաձեռնություն՝«Մեկը երկու դարձնել», որի շրջանակներում ՀՀ-ում գործող յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կամ գործատու հնարավորություն է ստանում իր աշխատակիցների կողմից վճարվող 1000 դրամները կրկնապատկել, այսինքն իր կողմից 1000-ական դրամ յուրաքանչյուր աշխատակցի համար ավելացնել:










