Առողջապահական համակարգը շուտով կարող է կոլապսի առաջ կանգնել. Լուսինե Պարոնյան (տեսանյութ)

22:52 • 22.10.20

Առողջապահական համակարգը շուտով կարող է կոլապսի առաջ կանգնել, հնարավոր է՝ ծանր հիվանդներին հոսպիտալացնելու տեղ չունենանք: Այս մասին այսօր Հայկական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը՝ խոսելով վերջին օրերին կորոնավիրուսային աննախադեպ աճի մասին:

Նա նշեց, որ այս արդյունքը բոլորիս պատասխանատվությունն ու վարքագծինն է: «Այսօր մոտ 2000 հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցում են բուժվում, բայց բազմաթիվ են այն դեպքերը, որ մարդկանց հոսպիտալացնելու կարիք կա, սակայն դեռ սպասում են, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»:

Ըստ նրա՝ պատերազմական դրության ընթացքում համավարակը երկրորդ պլան մղվեց և մենք հասանք այս վիճակին: Նա նշեց, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի այս թվերը նվազեցնելու համար, քանի որ բժիշկները հիմա շատ անհրաժեշտ են զինվորներին:

«Չպետք է մոռանանք կորոնավիրուսի մասին, սթափվենք և սկսենք խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ընդգծեց նա: