ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ԼՂ-ում կրակի շուտափույթ դադարեցման հույս է հայտնել՝ ընդգծելով այլ պետությունների չմիջամտելու կարևորությունը

12:05 • 24.10.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է հայտնել:

Դեմոկրատ քաղաքական գործիչն այս մասին ասել է Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խոսնակ Նենսի Փելոսին տարածաշրջանում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և հումանիտար հրադադարի ռեժիմի վերականգնման հույս է հայտնել: Նա նաև նշել է հակամարտությունում այլ պետությունների չմիջամտելու կարևորությունը և հակամարտության մասշտաբների ընդլայնման անթույլատրելիությունը:

Բացի այդ, Փելոսին վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կվերսկսվեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։