«Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են», գրում է IRNA գործակալությունը։
Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պակպուրը երկրի հյուսիս-արևմուտքի սահմանամերձ շրջաններ կատարած իր այցի ժամանակ։
Ինչպես նշել է հրամանատարը, երկու հարևան երկրների միջև հակամարտությունը ստիպել է Իրանին իր հյուսիս-արևմտյան սահմաններում ԻՀՊԿ-ի ուժեր տեղակայել՝ ազգային շահերը և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
Նա նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։










