Էրդողանը եռապատկել է կայսերական ֆանատիզմը․ Washington Examiner

12:42 • 27.10.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած շաբաթվա ընթացքում ունեցած ելույթներով հաստատեց, որ եռապատկել է իր կայսերական ֆանատիզմը, գրում է Washington Examiner-ի հոդվածագիր Թոմ Ռոգանը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, օրերս ելույթ ունենալով կուսակցական հանրահավաքում ՝ Էրդողանն իր երեք դիտարկումներով հաստատեց, որ հրաժարվում է ժողովրդավարական միջազգային կարգից։

«Նախ, իր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու համար քննադատեց Ֆրանսիային: Երկրորդ՝ խոստացավ շարունակել Ադրբեջանի և Հայաստանի միջև արյունալի պատերազմի հրահրումը։ Երրորդ՝  խոստացավ նոր հարձակումներ իրականացնել Հուսատանի ինքնիշխանության վրա»,- գրում է հոդվածագիրը։

Հոդվածագրի խոսքով՝  Էրդողանը Ֆրանսիայում սպանված ուսուցչի հասցեին չասելով կարեկցանքի ոչ մի բառ՝ փոխարենը պնդեց, որ «Մակրոնը հոգեբուժի կարիք ունի», բայց Էրդողանը, ըստ հեղինակի, լավ կանի՝ ավելի զգույշ լինի։ Ֆրանսիան ջախջախելու է նրան ցանկացած պատերազմում։

«Այնուամենայնիվ, նրա կատաղի հռետորաբանությունը խոսում է 2020 թվականին Էրդողանի առաջնորդության բնույթի մասին։ Ոգևորվելով այն զառանցանքով, որ նա նեոօսմանական սուլթան է, որին վիճակված է  ղեկավարել սուննիական իսլամի ապագան, Էրդողանը հրաժարվել է արևմտյան ժողովրդավարության հանդեպ հարգանքի ցանկացած դրսևորումից»,-գրում է Ռոգանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի անմիջական մասնակցության մասին՝ հոդվածագիրը նշում է, որ պատմական ու գաղափարական ատելությամբ համակված Էրդողանը սնում և նույնիսկ խրախուսում է Ադրբեջանի ռազմական գործողությունները։

«Քաղաքացիական բնակչության շրջանում աճող զոհերի թվի հանդեպ անտարբեր Էրդողանի՝ պատերազմը հրահրող կոչերը նրան հակասության մեջ է դնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ»,- գրում է նա։

«Եվ երրորդ, Էրդողանը վերադարձավ ՆԱՏՕ-ի ակնհայտ սպառնալիքին՝ Հունաստանի ինքնիշխանության հետ առճակատման սրմանը։ Ամռան ընթացքում Էրդողանը հետախուզական նավեր Է տեղակայել Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում ՝ ռազմածովային պահակախմբի հետ միասին։ Դա ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ Թուրքիայի պարտավորությունների ակնհայտ խախտում է ՆԱՏՕ-ի իր հույն դաշնակցի նկատմամբ, այդ գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում խաթարում են անվտանգությունն ու կայունությունը»,- նշում է հոդվածագիրը։

Հեղինակը գրում է, որ Էրդողանի քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ նա այլևս Եվրոպայի կամ Ամերիկայի ժողովրդավարական անվտանգության գործընկերը չէ և «թուրքական Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցներ նախապատրաստելու հարցում Միացյալ Նահանգները պետք է միանա Եվրամիությանը։

«Թուրքական լիրան արդեն իսկ խղճալի անկում է գրանցել։ Եկեք տեսնենք՝ արդյոք Սուլթանը կզգա՞ իր գերակայությունը, երբ նրա տնտեսությունը հօդս ցնդի»,-եզրափակում է հեղինակը։