«ՌԴ-ն արձագանքեց ԼՂ-ում Թուրքիայի ակտիվությանը. այժմ տեսնենք՝ որտեղ կլինի Էրդողանի պատասխանը՝ Սի՞րիայում, թե՞ Ղարաբաղում». փորձագետները ներկայացրել են Իդլիբի և ԼՂ-ի միջև կապը
Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական զորքերի դիրքերը հրթիռային և հրետանային հարձակման են ենթարկվել իսլամական խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Անկարան: Հաղորդվում է ռուս զինվորականների և սիրիական կառավարական զորքերի շրջանում զոհերի մասին:
Սիրիացի իրավապաշտպանների և դիտորդների հաղորդագրությունների համաձայն՝ նախօրեին Իդլիբում նախագահ Բաշար Ասադի հակառակորդների զինված խմբավորումներից մեկի վերապատրաստման ճամբարի ուղղությամբ հարված է հասցրել ռուսական ավիացիան: Դա հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան, գրում է «Ամերիկայի ձայնը»-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Անկարան և Մոսկվան համաձայնության էին հասել Իդլիբում հրադադարի վերաբերյալ, ինչը կանգնեցրել էր Ասադի ուժերի հարձակումը, կանխել արյունահեղությունը և տեղի բնակիչների զանգվածային միգրացիան:
Այս դեպքերի ֆոնին անկախ փորձագետները կապ են տեսնում Իդլիբում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների միջև, որտեղ Թուրքիան բազմակողմանի աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:
«Մոսկվան և Անկարան փորձում են միմյանց տեղը դնել»,- նշել է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Եվրոպա-Մերձավոր Արևելք կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շումիլինը:
Նա նշել է, որ Իդլիբում հասցված ավիահարվածը դիտարկում է հիմնականում Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների համատեքստում: Շումիլինի կարծիքով՝ հարձակումը նահանգի վրա պայմանավորված է հարավկովկասյան հակամարտությունում Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից մասնակցությամբ:
«Մոսկվան, խախտելով Իդլիբի շուրջ պայմանավորվածությունները Անկարայի հետ, լիարժեք գիտակցմամբ հարվածներ է հասցնում Թուրքիայի կողմից վերահսկվող օբյեկտի ուղղությամբ: Դա, անկասկած, ազդանշան է Էրդողանին, բավականին թափանցիկ ակնարկ, որ թուրքական բանակը և Թուրքիան բավականին խոցելի տեղեր ունեն: Այլ հարց է՝ ինչպիսին կլինի պատասխանը: Անմիջականորեն Էրդողանը, իհարկե, չի ցանկանա վիճել Ռուսաստանի հետ Սիրիայում: Սակայն նման մարտահրավերներն առանց հետևանքների թողնել էլ թուրք առաջնորդի սովորությունների մեջ չի մտնում»,- մեկնաբանում է Շումիլինը:
Փորձագետի կարծիքով՝ եթե լարվածությունը շարունակվի, դա կարող է հանգեցնել Իդլիբում հրադադարի խափանմանը: Այժմ ամեն ինչ կախված է թուրքական կողմի պատասխանից: Ընդհանուր առմամբ, հակամարտություն ստեղծել ոչ ոք չի ցանկանում, սակայն ամեն ինչ կարող է պատահել: Շումիլինը ենթադրում է, որ Թուրքիայի պատասխանը կարող է հաջորդել նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դաշտում:
«Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային գիտական հետաքննությունների ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ թուրքամետ ուժերը Իդլիբում միասնական ճակատ են ստեղծում ամենատարբեր իսլամական կազմակերպություններից: Նրա կարծիքով, եթե դա տեղի ունենա, ապա և՛ Ասադը, և՛ Ռուսաստանը լրացուցիչ խնդիրներ կունենան:
«Մի կողմից, դա կարող է «ծայրահեղական» խմբավորումների միավորմանը խանգարելու Մոսկվայի փորձը լինել: Հարց է առաջանում՝ ինչպես կարձագանքի Անկարան և ինչ կապ կունենա դա Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ: Կարծում եմ, սա Ռուսաստանի արձագանքն է Հարավային Կովկասում թուրքական ակտիվությանը: Էրդողանը դադար է տվել: Այժմ պետք է սպասել, որտեղ նա կպատասխանի՝ Սիրիայում, թե Ղարաբաղում»,- նշում է Մալաշենկոն:
Նրա կարծիքով՝ խորը եզրակացություններ անել անհնար է, սակայն Իդլիբում և Ղարաբաղում իրադարձություններն անմիջականորեն կապված են միմյանց հետ, դրանում կասկած չկա:
Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները, անկասկած, կապված են ԼՂ-ում Թուրքիայի գործողությունների հետ, վստահ է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը:
«Մարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իդլիբում նախատեսվում էր իրականացնել 2 կարևոր բան՝ ստեղծել 6-կիլոմետրանոց անվտանգության գոտի՝ ծանր սպառազինությունը և ջիհադական ուժերը դուրս բերելու համար, ինչպես նաև իրականացնել ռուս-թուրքական համատեղ հսկողություն: Պայմանավորվածություններից ոչ մեկն ամբողջությամբ չի կատարվել»,- նշում է փորձագետը:
Նրա կարծիքով՝ Թուրքիան, կարծես թե, «խրվել է» արտաքին քաղաքականության խնդիրների մեջ, և նրա բացահայտ դրդումը Ադրբեջանին ԼՂ-ում ավելի ակտիվ ռազմական գործողություններին այն է, ինչը չի կարող վրիպել Ռուսաստանի ուշադրությունից:
«Իդլիբն ավելի համապատասխան վայր է դարձել Ռուսաստանի կողմից ԼՂ-ում Թուրքիայի ակտիվ մասնակցության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերաբերմունքը ցուցադրելու համար»,- եզրափակում է քաղաքագետը:










