Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կրկին կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում պաշտպանել քաղաքացիներին և քաղաքացիական ենթակառուցվածքները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր թվիթերյան էջում անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ նշելով, որ սեպտեմբերի վերջին հակամարտության սրման պահից կողմերին հորդորել է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու քաղաքացիներին և այնպիսի քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային վայրերը։
«Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում գտնվող պարտականություններ են»,-նշել է Կոմիտեն:
Մեկ այլ գրառմամբ էլ կառույցը խստագույնս դատապարտել է հակամարտության գոտում բռնության վերջին ալիքը՝ նշելով, որ քաղաքային հատվածներում ինտենսիվ հրետակոծության հետևանքներով ավելանում են քաղաքացիական վնասները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1119 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:
— ICRC (@ICRC) October 28, 2020










