Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել (տեսանյութ)

04:57 • 30.10.20

Հոկտեմբերի 30-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել, տեղեկացնում ենք Հայ Դատի կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից:

«Վիենից և Դեսինից հետո այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Էրդողանի «Գորշ գայլերը», ինչպես միշտ՝ բռնության ու ատելությա կոչերով, փողոց են դուրս եկել՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշներն ու «Գորշ գայլեր»-ի տարբերանշաններ: Վախը չպետք է գերազանցի օրենքի գերակայությանը: Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ պատասխանը»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ «Ալլահ ակբար», «Ու՞ր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք» վանկարկումներով Անկարայի կողմից ղեկավարվող թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման մոտ 300 անդամ հոկտեմբերի 28-ի երեկոյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի փողոցներով էր շրջել ու փորձել հայերի գտնել՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով, այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան ֆրանսահայերը փակել էին Լիոն քաղաքով անցնող Փարիզը Մարսելին կապող գլխավոր մայրուղին ու պահանջել Ֆրանսիայից՝ քայլեր ձեռնարկել Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դեմ: 

Վիենում թուրքերի թիրախում էր եղել նաև հայ փոխքաղաքապետը: Լևոն Սաքունցին ոստիկանությունը հորդորել է տանից դուրս չգալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նա Արցախի ճանաչմանն ուղղված աշխատանքներում մեծ դերակատարում ունի Վիեն քաղաքում:

Մինչ ծայրահեղականները Վիենից կհասնեին Դեսին քաղաք, ոստիկանությունն արդեն կազմ-պատրաստ սպասում էր նրանց: «Գորշ գայլերն» անցել են Ժան Ժորես փողոցով. հենց այդտեղ է գտնվում Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Փոխաքաղաքապետ Ջորկաեֆի խոսքով՝ միայն Դեսինում 65 թուրք ակտիվիստ է ձերբակալվել՝ կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում հաստատված պարետային ժամը չպահպանելու պատճառով: Այստեղ երեկոյան ժամը 9-ից հետո չի թույլատրվում գտնվել դրսում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։