Մենք պետք է արժանի լինենք այս տղաներին, կանգնենք որդեկորույս ընտանիքների կողքին. թուլանալու, ընկրկելու իրավունք չունենք. Շուշան Պետրոսյան (տեսանյութ)
«Անունս Արցախ է» երգն առանձնահատուկ է, ինչպես այս պատերազմն է առանձնահատուկ, երբ մենք մի բուռ կամային, ոգեղեն զինվորներով կռվում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի դեմ. այս երգը խորն է, դառը, ուժեղ, այն ասես ապտակ լինի աշխարհին, իրեն Պապից ավելի կաթոլիկ համարող քրիստոնյա աշխարհին, որն իբր մտազբաղ ու անհանգիստ է այս պատերազմով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:
«Մեզ հաղթանակ է սպասվում, մենք դատապարտված ենք հաղթանակի: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի հիմներգը դարձավ այս երգը, այսօր մեր աջակցության կարիքն ունի, այն իր փայլուն աշխատանքով առանձնանում է: Ես տեսել եմ այդ աշխատանքի արդյունքը՝ այն զինվորներին, որոնք բուժվել են Հայաստանում և արտերկրում, զոհված զինծառայողների ընտանիքներին տրված աջակցությունը: Հիմա պատերազմ է, երրորդը, հուսամ՝ վերջինը, հաղթականը»,- ասել է երգչուհին:
Ըստ Պետրոսյանի՝ այսօր առաջնահերթորեն պետք է կանգնել որդեկորույս ընտանիքների կողքին, և այս հիմնադրամին աջակցելով՝ մենք կտանք մեր բարոյական պարտքը. «Մենք պետք է արժանի լինենք այս տղաներին: Սարսափելի բան է պատերազմը, բայց իրավունք չունենք թուլանալու: Զանգից զանգ ենք ապրում, իրար հարցնում ենք՝ զինվորդ զանգե՞լ է, հաղորդագրություն գրե՞լ է: Աստված տա, որ բոլոր սպասողները ստանան այդ զանգերը: Մեր տարածաշրջանից այս չարիքը պիտի վերանա: Ես զարմանում եմ այն լավատես ռոմանտիկների վրա, որոնք հույս ունեին խաղաղություն հաստատել թշնամու հետ»:
Արտիստուհու կարծիքով՝ թշնամին նույնն է, նրան երբեք չի կարելի ընդունել և հավատալ, բայց մենք նաև խաղաղասեր ենք և չենք հրճվում իր խաղաղ բնակչի մահվամբ. «Զարմանում եմ, երբ ոմանք հանդուրժողականություն են խաղում: Այս թշնամուն վերացնել է պետք, որովհետև այն չարիք է ոչ միայն մեզ, այլև համայն աշխարհի համար: Անկախ նրանից՝ թուրքի առջև հայ է, հույն, թե այլ մեկը, եթե անգամ խեթ է նայել նրան, հարձակվում են այդ մարդու վրա: Թող Եվրոպան մտածի, ինձ միայն այնտեղ ապրող հայերն են հուզում, հանկարծ նրանց չվնասեն: Մենք մեր կռիվն ենք տալիս»:
Շուշան Պետրոսյանի պնդմամբ՝ սկզբում ոմանք կարծես պատրանքներ էին տածում միջազգային հանրության հարցում, հիմա հույսը կապում են միայն մեր բանակի հետ. «Ես արդեն որևէ բանի վրա վստահ չեմ, միայն հայ զինվորի և մեր բանակի վրա եմ վստահ: Մեր բժիշկները, վարորդներն ամեն անգամ կյանքի ու մահու փորձություն են անցնում: Բժիշկները չեն քնում, վիրահատում են նույնիսկ ադրբեջանցի ռազմագերուն: Մենք մարդկային վերաբերմունք ենք ցուցաբերում ռազմագերիների նկատմամբ»:
Երգչուհու պնդմամբ՝ միակ ցավը զոհերն են, իսկ նյութական կորուստները կվերականգնվեն, մենք քարը քարին դնող ժողովուրդ ենք և նորից կշենացնենք մեր քաղաքները: «Պատերազմում զոհերն անխուսափելի են, մենք այդ շռայլությունն իրավունք չունենք մեզ թույլ տալու: Հայը գերագույն արժեք է, ինչպես մեր բանակն ու զինվորը»,- ամփոփել է ՀՀ վաստակավոր արտիստը:
Դավիթ Սարգսյան










